Ծանրագույն վիճակում ենք.Ունենք բանակ, ուղղակի բանակը ղեկավարում է մեկը, ով ռազմական գործից անտեղյակ է, նման մարդն ինչպե՞ս կարող է ղեկավարել ՀՀ զինված ուժերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Հանրային հեռուստատեսության եթեր է գնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ խոսել բանակի մասին։
Մասնավորապես ասել է, որ պաշտպանության համակարգում գլոբալ փոփոխություններ են անելու, եւ Գլխավոր շտաբն այսուհետ զբաղվելու է միայն բանակի հարցերով, չնայած չի հասկացվում, թե նախկինում ինչով է զբաղվել ԳՇ-ն։ Ապա ասել է, որ տարբերություն չկա՝ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է աշխատում, թե՞ ԳՇ պետը եւ այլն։ Մենք զրուցեցինք գնդապետ, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ:
-ՀՀ պաշտպանության նախարարը խոսում է բանակում համակարգային փոփոխություններից: Նշում է, թե հայկական բանակում այժմ օրգանական փոփոխություններ են արվում` բանակը պրոֆեսիոնալ դարձնելու նպատակով: Սակայն հայտնի է, որ պրոֆեսիոնալ բանակը թանկ հաճույք է, եւ շատ երկրներ իրենց նման բան թույլ չեն տալիս։ Իսկ կենցաղային մակարդակով էլ նախարարի խոսքից կարելի է եզրակացնել, որ մեր բանակը պրոֆեսիոնալ չէ: Համաձա՞յն եք նրա դիտարկումներին:
-Ես, ճիշտն ասած, դրանց ասածների մասին անգամ կարծիք չունեմ: Մեր բանակն իրականում կար որպես հայրենական բանակ, սակայն այսօր մենք բանակ չունենք:
-Ինչո՞ւ:
-Ունենք բանակ, ուղղակի բանակը ղեկավարում է մեկը, ով ռազմական գործից անտեղյակ է, նման մարդն ինչպե՞ս կարող է ղեկավարել Հայաստանի զինված ուժերը: Հենց այս ամենն էլ կասկածի տակ է դնում՝ մենք ունե՞նք բանակ, թե՞ չունենք:
-Պապիկյանի խոսքից կարելի է ենթադրել, որ մեր բանակը բավականին թույլ է, անկազմակերպ, եւ այն տեսակետները, թե ուժեղ բանակ ենք ունեցել, միֆ է եղել....
-Եկեք պապիկյանների ասածների մասին չխոսենք, եթե նրա ու նրա նմանների մասին սկսենք դատողություններ անել, կստացվի, որ մենք ընդհանրապես պետություն չենք ունեցել: Ավելորդ եմ համարում դրանց ասածների մասին քննարկումներին մասնակցելը:
-Նախարար Պապիկյանը նաեւ նշում է, որ իրենք առաջիկայում հանդես են գալու ծավալուն օրենսդրական նախաձեռնությամբ: Բանակում օրենսդրական փոփոխությունները չե՞ն ենթադրում նաեւ սահմանադրական փոփոխություններ:
-Բանակը բարեփոխելու կամ, առհասարակ, փոխելու համար պետք է իշխանության գան բանակից հասկացող մարդիկ: Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր բանակում առկա խնդիրներից եւ բարեփոխումներից են խոսում, անգամ տեղյակ չեն ռազմական գործից: Ասում են` ԳՇ պետ չկա, կա պաշտոնակատար, գործ ա, անում ա, էլի.... եթե մարդիկ նման կերպ են մտածում, էլ ի՞նչ ենթադրություններ անենք մենք: Ծանրագույն վիճակում ենք այսօր:
-Փաստորեն, ունենք ոչ պրոֆեսիոնալ նախարար, գործից անտեղյակ վարչապետ: Ձեր կարծիքով` այս ծանրագույն իրավիճակից ինչպե՞ս կարող ենք դուրս գալ:
-Երկիրը պետք է ղեկավարի կառավարումից հասկացող մարդ:
-Հետեւո՞ւմ եք ընդդիմադիրների պայքարին, ոստիկանության գործողություններին, ակնկալիքներ ունե՞ք ընդդիմության պայքարից:
-Ես այսօր հույսեր կապում եմ բոլոր նրանց հետ, ովքեր բարձրաձայնում են Հայաստանում առկա իրավիճակի մասին:
-Անվերջ կարելի է վարչապետի հասցեին լսել քննադատություններ, սակայն փաստ է, որ զինվորականությունը ենթարկվում է վարչապետին:
-Քանի որ ես հիմա պահեստազորի սպա եմ, բանակում չունեմ այդքան կապեր, չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել:
-Ձեր խոսքից ենթադրում եմ, որ Սուրեն Պապիկյանին լուրջ չեք վերաբերվում: Կարո՞ղ է ստացվել այնպես, որ այս իշխանությունների հետ համատեղ ռազմական ոլորտը ներկայացնի առավել կայացած, փորձառու մեկը, եւ իրապես բանակում առարկայական փոփոխություններ տեղի ունենան:
-Ես չեմ պատկերացնում այս իշխանության պարագայում մի այնպիսի մարդու, ով առանց իշխանության միջնորդության կարողանա համալիր փոփոխություններ կատարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։