17-ամյա տղան Կիևյան կամրջից ընկել է. ծառերը փրկել են նրա կյանքը
Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում շտապօգնության հերթապահ բրիգադի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, որը տեղեկացրել է, որ ինքը Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները, բժիշկներն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, ծառերի տակ հայտնաբերել են երիտասարդ տղային՝ մարմնական վնասվածքներով: Բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին վիրավորին, պարանոցին տեղադրելով ֆիքսատոր և փրկարարները, պարեկներն ու բժիշկները պատգարակով այդ երիտասարդին մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, որն էլ նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 17-ամյա Տարոն Հ.-ն է: Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է: Հավանականությունը՝ անզգուշությունն է, երբ տղան պատահմամբ ընկել է կամրջից: Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: