Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 հուն 2022 12:05

Մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր.Մարդը օրը ցերեկով հանդես է գալիս հակապետական տեսակետներով և հպարտ է դրա համար

Վերջերս անհայտ անձը պղծել էր Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Արձանը կոտրող քաղաքացին` Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը, դրան հաջորդող օրերին եկել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն և պատմել, թե ինչու է նման բան արել:


Պարզվում է, որ այս անձնավորությունը գաղափարական հիմքի վրա է կատարել այդ հանցագործությունը: Դեռ ավելին, ըստ նրա, «...Լեոնիդ Ազգալդյանի արձանը վնասել է, քանի որ նրա ու նրա նմանների երեսից է հայ ազգն էս օրին հասել...»:


Շարունակելով իր միտքը, այս քաղաքացին նշել է բառացի հետևյալը.


«...Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պնդում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ մեղավորություն չունի՝ մեղավորն 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին...:


90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարևան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է՝ նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ Հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել...»:




Վերջում այդ քաղաքացին հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանինն է և ինքը հարգում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Բայց, ըստ այդ քաղաքացու, Հայաստանի իրավապահ մարմինները չեն կիսել իր այդ տեսակետները և բողոքել է, որ փաստացի երկրի պատկան մարմինները իրականում թաքնված ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին:


Այս ամենը կատակ չէ, սա մեր այսօրվա իրականությունն է: Մարդը օրը ցերեկով հանդես է գալիս հակապետական տեսակետներով և հպարտ է դրա համար: Միաժամանակ խոստովանելով, որ հենց այդ տեսակետների համար էլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին:


Ասել, որ մենք գործ ունենք մի շարքային անմեղսունակի հետ, նշանակում է ոչինչ չասել: Քանզի այդ մարդը անվճար կրկնում է այն, ինչ քարոզում են հարևան Ադրբեջանում: Իսկ դա նշանակում է, որ մեր հանրության մեջ կա այդ զանգվածը, որը փաստացի մեր հարևան երկրի հինգերրոդ շարասյան դերն է կատարում: Նա միգուցե չի գիտակցում դրա մասին, բայց դա այսօր այդքան էլ էական չէ: Այդ քաղաքացին ճիշտ է հասկացել Փաշինյանի բոլոր հրապարակային մեսիջները:


Հենց այդ շերտն էլ լռելյայն աջակցում է Փաշինյանին: Բայց արդյոք միայն այդ մա՞րդն է մեղավոր նման գաղափարներ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Անցած 30 տարիների ընթացքում ի՞նչ է արել պետությունը, որ նման քաղաքացիներ չունենար: Ի վերջո, պետությունն է ազգի կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը միաժամանակ կրթում է իր քաղաքացուն, դարձնում նրան գիտակից մարդ:


Իսկ, երբ աշխատանքը բացակայում է, մենք ստանում ենք նման դեպքեր: Այս դեպքերին քաղաքացի անվանել չի կարելի, քանզի դրանով մենք կվիրավորենք մյուս իրական քաղաքացիներին, ովքեր ֆորմալ տեսանկյունից ունեն այդ «դեպքերի» հետ նույն իրավունքները:


Իրենց տարբերությունը կայանում է նրանց բովանդակության մեջ:


Դեռ անգլիական բողոքականության, այսպես կոչված, «հավատքի սիմվոլի» մեջ բացատրվում էր այն թեզը, թե մարդիկ, ովքեր արտաքուստ իրար նման են, իրականում իրենց բովանդակությամբ բաժանվում են երկու մասի: Մի մասը իրոք որ «մարդ են», իսկ մյուսները,՝ մարդկային կերպար ունեցող «կենդանիներ»։


Այդ բաժանման իմաստը կայանում էր նրանում, որ անգլո-սաքսերը դրանով փորձում էին հիմնավորել այն թեզը, որ իրենց հանրության մի մասն իրականում ոչ թե մարդիկ են, այլ մարդկային դեմքով «կենդանիներ», որոնք իրականում չպիտի ունենան հավասար իրավունքներ իրական մարդկանց հետ:


Այդ թեզով Անգլիան երկար տարիներ ապրեց, կրթեց իր հանրության անգիտակից հատվածին և դրանից հետո միայն կիրառեց համընդհանուր հավասարության սկզբունքը, որը գործում է մինչ այսօր:


Մինչդեռ մեր երիտասարդ պետությունը ոչ միայն չկրթեց իր քաղաքացիներին, այլև չգիտակցեց նույնիսկ դրա անհրաժեշտությունը:


Այդ իսկ պատճառով էլ մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր: Եթե այսօր չգիտակցենք այս իրավիճակի լրջությունը, ապա վաղը կստանանք, ոչ թե 4000, այլ 40000 հազար զոհ և զոհասեղանի վրա էլ դրված կլինի, ոչ թե միայն Արցախը, այլ ողջ Հայաստանը:


Սա է իրականությունը:


Դավիթ Մկրտչյան


Աղբյուրը՝ zham.am



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր