Ձայնագրությունը նոր ցնցումներ է առաջացնելու դատական համակարգում

Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Բազմաթիվ դատավորներ մտադիր են բարձրացնել Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնանկության հարցը։ Վերջինս այս ձայնագրությունից հետո, իհարկե, պետք է հրաժարական ներկայացներ, նաև ներողություն խնդրեր հանրությունից։ Նույնիսկ «Իրազեկ քաղաքացիների» միավորումը երեկ դիմել է դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու պահանջով՝ նշելով, որ ըստ այդ ձայնագրության՝ Գագիկ Ջհանգիրյանը խոչընդոտել է արդարադատությանը, ինչպես նաև բազմաթիվ անգամներ միջամտություններ արել։ Առնվազն նա իր խոսքում նշում է, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ կարող է 3 գործ հարուցվել, սակայն հարուցվել է ընդամենը մեկը։
Վստահաբար կարելի է նշել, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա իր առանցքային դեմքերից մեկին, որի միջոցով փորձում է զավթել դատական իշխանությունը, պատժել, սակայն այս դեպքում կարևորագույն պարտականությունը մնում է հանրության ուսերին, որը պարտավոր է ոտքի կանգնել և պահանջել դատական համակարգից հեռացնել Գագիկ Ջհանգիրյանին։ Մինչ այդ Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակ է գնացել, որտեղ քննարկելու է Ռուբեն Վարդազարյանին՝ ամիսներ առաջ հարցազրույցում արած արտահայտությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ Որոշումը հրապարակվելու է հունիսի 23-ին, և գրեթե կասկած չկա, որ Ռուբեն Վարդազարյանին պատասխանատվության կենթարկեն։
1or.am