Մոտ 2 տարի առաջ գիտեին, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, սակայն ներդրումներ են արվել.«Ժողովուրդ»          Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար       Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր    

28 հուն 2022 15:35

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին. ցուցակը չափազանց երկար կլինի, եթե ...

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 

Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը՝ հայկական կողմի հետ խոսակցության գնալուց հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:

Ինչպես նշել են այդ երկրի ԱԳՆ-ում, Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ցանկությունը։

«Վարչապետ Փաշինյանին հիշեցնում ենք՝... տարածքների «ազատագրումից» (չակերտները` Tert.am) հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողն Ադրբեջանն էր:

Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի (խաղաղության) պայմանագիրը։ Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։

Ադրբեջանական կողմը ոչ միայն հայտարարություններ է անում երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման և կողմերի միջև ապագա խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այլև  հայտարարվածը իրականացնում է իր գործողություններով և կոնկրետ քայլերով...

Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» (չակերտները` Tert.am) «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) գործունեության արդյունավետությունը...

Հայաստանի վարչապետը, առանց կոնկրետ փաստերի անդրադառնալու, հայտարարեց, որ ադրբեջանական կողմը առնվազն  մեկ անգամ բոյկոտել է հանդիպումը։ Եթե սկսեք թվարկել հետկոնֆլիկտային փուլում միջազգային միջնորդների մասնակցությամբ մինչ այժմ առաջարկված և Հայաստանի կողմից տարբեր պատրվակներով խախտված, ինչպես նաև դրանց մեկնարկից 1-2 ժամ առաջ հայկական կողմի սադրանքների պատճառով հետաձգված հանդիպումները, ապա ցուցակը շատ երկար կլինի։

Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն, այլ ոչ թե «ժամանակ վատնի» (չակերտները` Tert.am) այն ձևաչափի վերակենդանացման վրա, որի «արդյունավետությունը միշտ ցածր է եղել» (չակերտները` Tert.am), և որի անդամներն այժմ «բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը» (չակերտները` Tert.am)», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին և անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգը Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ունի ռեալ այլընտրանք՝ Փաշինյանը բացասական պատասխան էր տվել:

«Երեկ էլ չուներ այլընտրանք, երեկ չէ առաջին օրն էլ չուներ այլընտրանք: Այլ բան է, թե մենք ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը: Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է հանդիպակաց, կառուցողական շարժում լինի: Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը: Այլընտրանք չունի, և նաև դա է պատճառը, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել՝ ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասել էր Փաշինյանը:

Նա ընդգծել էր, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը նոր պատերազմն է: Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու համար:

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը հրաժարվել է երեկ Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից, ինչպես նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։

«Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար: Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջ մղումը: Եվ բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,-ասել էր Փաշինյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր