Հայաստանը ևս կոնֆլիկտային տարածության մաս կլինի, պատերազմներն անխուսափելի են, եւ մենք պետք է ապրենք դրանց հետ
Հակամարտությունները կշարունակվեն, եւ, իհարկե, այն տարածքը, որը շրջապատում է Ռուսաստանը, որտեղ ներկա է նաեւ Հայաստանը, ընդհանուր կոնֆլիկտային տարածության մաս կլինի, ինչպես եւ մնացած աշխարհը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում «Ռուսաստանի եւ Արեւմուտքի կոնֆլիկտն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը:
Ըստ ռուս փորձագետի՝ այս դեպքում ոչ ոք բացառություն չէ:
«Եւ այստեղ մենք եւս պետք է հասկանանք, որ մեր միջազգային հարաբերությունները, մեր երկրների միջազգային հարաբերությունները մշտապես զարգանալու են պատերազմի ստվերում, դրանք անընդհատ զարգանալու են զինված հակամարտության մշտական հնարավորության ստվերում, որին մենք պետք է պատրաստ լինենք եւ որի հավանականությունը մենք պետք է մշտապես հաշվի առնենք մեր դիվանագիտական, արտաքին քաղաքական գործունեության մեջ՝ մեր ձեռքբերումներն առավելագույնի հասցնելու եւ մեր պոտենցիալ հակառակորդների ձեռքբերումները նվազագույնի հասցնելու համար»,- նշեց քաղաքագետը։
Բորդաչյովի խոսքով՝ Ուկրաինայում այժմ տեղի ունեցող կոնֆլիկտը նոր ժամանակի այն կոնֆլիկտներից է, որոնցից շատ կլինեն:
«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված կլինի այդպիսի կոնֆլիկտներից շատերում: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Ուկրաինայում, որը, եթե դիմենք պոետիկ համեմատություններին, ապա միայն նոր դարաշրջանի արեւի առաջին ճառագայթներն են, որը դեռ չեն ծագել, եւ մենք տեսնում ենք միայն առաջին շողերը, եւ ինչ տեսք կունենա իսկական շոգ կեսօրը։ կեսօրը նման կլինի, մենք կիմանանք 10-15 տարի անց։ Եւ մենք պետք է բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ լինենք դրան»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է բացարձակապես բոլոր պետություններին, քանի որ, ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն անհատապես է պատասխանատվություն կրում իր քաղաքացիների առջեւ։
«Եւ ոչ մի այլ պետություն հարաբերությունների որեւէ շրջանակում՝ դաշնակցային կամ ֆորմալ դաշնակցային, չի կարող մեկ այլ պետության շահերը վեր դասել իր պետության քաղաքացիների շահերից։ Դա հակասում է պետությունների բնույթին։ Դա վերաբերում է, իհարկե, Ռուսաստանին, եւ Հայաստանին, եւ ԱՄՆ-ին, եւ ցանկացած եվրոպական ուժի, եւ ցանկացած մեկին»,- ընդգծեց ռուս քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ մյուս երկրների համար կարեւորագույն խնդիրը կլինի սեփական ներքին զարգացումը, սեփական ներքին կայունության բարձրացումը, քաղաքացիների վստահության բարձրացումը նրանում, որ իրենց երկրի ներսում, անկախ արտաքին հարաբերություններից, իրենց կյանքը կազմակերպված է լինելու յուրօրինակ ձեւով, պետությունն ապահովելու է նրանց հիմնական շահերի նկատմամբ արդարության որոշակի մակարդակ:.
«Իսկ պատերազմներն անխուսափելի են, եւ մենք պետք է ապրենք դրանց հետ»,- հավելեց նա: