Թուրքիան այդ փոքր քայլը մտածված է անում. զգուշանալ է պետք, 3-րդ կողմի քաղաքացիները կարող են նաև ադրբեջանցիներ լինել
Հայաստանի և Թուրքիայի միջև 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը փոքր քայլ է, և Թուրքիան այդ փոքր քայլը մտածված է անում՝ մինչև իրական բանակցությունները ժամանակ շահելու և հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու համար, Aysor.am-ի թղթակցիհետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այսօրվա հանձնարարականին՝ կոորդինացված աշխատել թուրքական կողմի հետ։
«Թե ինչքան կտևեն հայկական և թուրքական կողմերից նախապատրաստական աշխատանքները, դժվար է ասել։ Տեխնիկական բավական մեծ աշխատանք պետք է արվի, որովհետև հայ-թուրքական սահմանը տասնյակ տարիներ փակ է եղել։
Այստեղ իմ ընկալումը հետևյալն է. սա քայլ է, որը մեծ օգուտ չի բերի, բայց պետք է ամեն ինչ անենք, որ նաև վնաս չբերի։ Սա շատ կարևոր է, որովհետև 3-րդ կողմի քաղաքացիները տեսականորեն կարող են նաև ադրբեջանցիներ լինել, և դա ենթադրում է, որ մեր հատուկ ծառայությունները պետք է շատ բարձր մակարդակով աշխատեն, պատշաճ կերպով մեր սահմանները պաշտպանեն»,- ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը մարտահրավեր է՝ մեր պետականությունն ու անվտանգային համակարգը բարձրացնելու նոր մակարդակի։
«Մենք պետք է կարողանանք բոլոր տեսակի վտանգներից ապահովագրել մեզ, իսկ վտանգներ կարող են լինել»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին։
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։