Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար          Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք.Hetq.am       Հունիսի 12-ին Երկրին է մոտենում «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդը    

09 հուլ 2022 11:50

Հայաստանը պատրաստվում է բացել սահմանը Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը փակում է իր սահմանը

eurasianet.org-ը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը հուլիսի 1-ին հանդես են եկել նույնաբովանդակ հայտարարություններով, թե «համաձայնել են հնարավորինս արագ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար»: Երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից, երբ Թուրքիան փակել է այն ի նշան Լեռնային Ղարաբաղի համար առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցության։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Հայաստանը սկսել են քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, որոնց առաջին հանդիպումը կայացել է հունվարին։

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել երկրների ներկայացուցիչների՝ Հայաստանից՝ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայից՝ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Նշենք, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից հետո բոլոր հետագա հանդիպումները կայացել են Վիեննայում առանց միջնորդների, և սահմանի բացման համաձայնագիրը այդ բանակցությունների առաջին կոնկրետ արդյունքն է։ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև «որքան հնարավոր է շուտ» սկսել ուղիղ ավիափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Նաև հայտարարության մեջ ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել «առանց նախապայմանների գործընթացը շարունակելուն»։ Ընդ որում, սահմանը կարող է բացվել շատ շուտով: Հուլիսի 4-ին Ռուբինյանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում «տրամաբանական է համարել, որ դա լինի արդեն այս ամառ»։

Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում մեկ այլ դիվանագիտական գործընթացի` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ: Բայց այդ գործընթացը դեռևս արդյունքներ չի տվել։ Հայ պաշտոնյաները պնդում են, որ այս երկու գործընթացները առանձին ու անկախ են, բայց դրանց միջև հստակ կապ կա: Թուրքիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է, և թուրք պաշտոնյաները պարբերաբար ազդում են հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։ «Մենք միշտ էլ պնդել ենք, որ Հայաստանը պետք է արձագանքի այս լավ նախաձեռնություններին և վճռականորեն աջակցի դրանց,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին,- մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարության վրա ճնշում են արմատականները երկրի ներսում, ինչպես նաև սփյուռքը դրսից»։ Ռուբինյանի հետ հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյո՞ք Քըլըչը կապել է այս երկու գործընթացները։ «Ոչ, դրանք երկու առանձին գործընթացներ են», - ասել է նա՝ հավելելով, որ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները կարող են այնպիսի հակառակ տպավորություն թողնել, «որը չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա»։

Այնուամենայնիվ, հարցեր է առաջացրել Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին Ադրբեջանի հայտարարությունը, որը հայտնվել է Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունների նույն օրը՝ հուլիսի 1-ին: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ փակում է Թուրքիայի հետ երկրի նեղ, 13 կիլոմետրանոց սահմանը։ Այդ հատվածը մնացել էր Ադրբեջանի միակ բաց ցամաքային սահմանը, քանի որ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ սահմանները փակ են համաճարակի սկզբից։ Սահմանապահ ծառայությունը որպես սահմանի փակման պատճառ նշել է կորոնավիրուսը՝ հավելելով, որ երկրում «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը։ Ավելացնենք, որ սահմանն այնքան հանկարծակի է փակվել, որ շատ ադրբեջանցիներ, որոնք պատրաստվում էին անցնել այն, չեն կարողացել դա իրականացնել։ COVID-ի մասին անհավանական հիշատակումը ոմանց մղում է ենթադրելու, որ հայ-թուրքական հայտարարություններն են եղել սահմանի փակման իրական պատճառը։ «Ալիևը «չի դիմացել» Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մեղմացմանը, ուստի փակել է սահմանը, ինչպես 2008 թվականին բարձրացրել էր գազի գինը Թուրքիայի համար»,- գրել է ակտիվիստ Գիյաս Իբրահիմը՝ նկատի ունենալով այն դեպքը, երբ 2008 թվականին Թուրքիան և Հայաստանը փորձել էին սահմանները բացել, ինչը, սակայն, չէր հաջողվել։
Այնուամենայնիվ, ի հակադրություն այդ կարծիքի, շատերը նշում են, որ հիմա Անկարայի և Բաքվի միջև կապերը շատ ավելի սերտ են, քան 2008 թվականին, և Բաքուն այլ միջոցներ ունի իր դժգոհությունն արտահայտելու համար։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների լրահոսում հայտնվել են միայն թուրք-հայկական հայտարարությունները` առանց մեկնաբանությունների։ Թուրքիայում ևս քիչ են մեկնաբանել ադրբեջանական սահմանի փակումը: Թուրքիայի Իգդիր նահանգի նահանգապետը հաստատել է այդ լուրը և ասել, որ իրենք «փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում»։ Բաքվում Թուրքիայի դեսպանատնից տեղական Qafqazinfo լրատվական գործակալությանը հայտնել են, որ որոշումը կայացրել է ադրբեջանական կողմը, սակայն ձեռնպահ են մնացել այլ մեկնաբանություններից։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Եթե հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր լինի բացել, ապա կարիք չի լինի, որ թուրք-հայկական սահմանը փակ մնա,լրագրողներին ասել է նա 2021 թվականի փետրվարին,- սակայն նման որոշումը Թուրքիայինն է։ Ադրբեջանն այդ հարցում առանձնահատուկ կարծիք չունի։ Ավելին, այն ամենը, ինչ ձեռնտու է Թուրքիային, նաև մեր օգտին է»։ Վերլուծաբան Արեգ Քոչինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ իր զրույցում նշել է, որ չնայած Հայաստանն ու Թուրքիան պնդում են «առանց նախապայմանների» բանակցությունների մասին, բայց Թուրքիան ունի մեկ նախապայման, և դա այն է, որ «գործընթացը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր