Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

02 օգոս 2022 12:24

Ժամանակակից քաղաքականության արդյո՞ւնք է.Զարմանալի է, չէ՞, որ արդի ռուս-թուրքական հարաբերությունները ապշեցնում են անգամ հմուտ և բարձր դիրք գրավող ռուս քաղաքագետին

«Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր, Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի (ԱՊՔԽ/СВОП) նախագահության նախագահ  Ֆյոդոր Լուկյանովը օրերս Новости-Армения գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, որի մի հատվածին արդեն անդրադարձել ենք (տե՛ս https://ankakh.com/hy/article/102790), մեկնաբանել է Հարավային Կովկասի ընթացիկ գործընթացները աշխարհաքաղաքական համատեքստում և պատասխանելով  Հայաստանում արծարծվող մի շարք հարցերի, թերևս չէր կարող շրջանցել նաև ռուս-թուրքական հարաբերությունների հարցը:


Եվ ահա, անդրադառնալով Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ քարոզչությանը վերաբերող հարցին և հետզհետե խտացող այն տպավորությանը, որ Ռուսաստանը շարունակ զիջողական քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ, երբեք առճակատման չի գնում, և ամեն անգամ Թուրքիան ինչ-որ բանի հասնում է, քաղաքագետն անկեղծորեն խոստովանում է, որ ռուս-թուրքական հարաբերություններն իր համար զարմանալի երևույթ են:


«Ես մեծ հետաքրքրությամբ ու զարմանքով եմ նայում, թե ինչպես են դրանք զարգանում 2015-ից ի վեր,- ասում է նա:- Երկու երկիր, որոնց պատմական անցյալը բացառապես զինված հակամարտությունների շարք է, մշակութա-պատմական և գործնական մակարդակում որևէ վստահություն չկա, շահերը հակադիր են փաստացի բոլոր թեմաներով: Կարծես թե ամեն ինչ հասկանալի է, այդուհանդերձ հարաբերությունները, պարզվեց, կայուն են, և գլխավորը՝ կառուցողական, ծագող խնդիրները, երբեմն՝ շատ սուր, լուծվում են առանց խզման»:


Զարմանալի է, չէ՞, որ արդի ռուս-թուրքական հարաբերությունները հարուցում են ոչ թե միջին վիճակագրական ռուսի կամ հայի զարմանքը, որոնք քիչ բան են հասկանում քաղաքականությունից և գրեթե ոչինչ չգիտեն, թե ինչ է կատարվում քաղաքական բանակցությունների վարգույրի հետևում, այլ ապշեցնում է անգամ հմուտ և բավական բարձր դիրք գրավող ռուս քաղաքագետին:


Բայց տեսնենք, թե ինչպես է բացատրում նա այդ զարմանալի երևույթը:


Նրա խոսքով՝ դա ժամանակակից քաղաքականության շատ կարևոր տարր է, երբ փոխկախվածությունը ոչ թե այն է, որ երկու կողմերը պետք են իրար, այլ այն, որ միմյանց կարելի է շատ մեծ վնաս հասցնել, եթե պայմանավորվածություններ ձեռք չբերեն: Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Թուրքիան հենց այդպիսի թեստ էին անցնում կործանված ինքնաթիռի հետևանքով առաջացած կոնֆլիկտի ժամանակ: Երկրորդ կարևոր տարրը բոլոր կոնֆլիկտային կետերում, որտեղ ներգրավված են երկու կողմն էլ, որևէ մեկը չի կարող հասնել իր նպատակին այն դեպքում, եթե մյուս կողմը գործուն կերպով խանգարի դրան:


Քաղաքագետն ավաղ մոռացության է տալիս այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբերությունները փայլել են «կառուցողականությամբ» ու զիջողականությամբ նաև իր մատնանշած անցյալում, երբ հերթական անգամ պատերազմի ավարտից հետո կողմերը նստում էին բանակցությունների սեղանի շուրջը: Այդ կառուցողականությունը գին ուներ, որի մի զգալի մասը Հայաստանն էր: Քաղաքագետը չգիտի՞, թե մոռացության է տալիս այն փաստը, որ այդ անցյալի հակամարտություններում հեղվում էր նաև հայերի արյունը: Ամեն անգամ հայ կամավորականները, ջոկատներ կազմած, կռվում էին ռուսական բանակի կողմից՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում թուրքական լծից կազատագրվեն նաև հայկական տարածքները: Եվ ամեն անգամ տեղի էր ունենում հերթական հուսախաբությունը, երբ ակնհայտ էր դառնում, որ ազատագրված տարածքները սոսկ խաղաքարտ էին բանակցությունների սեղանին: Ռուսաստանը, ավելի կարևոր պատառները պահելու հաշվարկով զիջում էր դրանք՝ մոլորված ժողովրդին թողնելով թշնամու հետ դեմ առ դեմ, միայնակ, մատնված մոլեգին հաշվեհարդարի: Չէ՞ որ Հայոց ցեղասպանության՝ թուրքական կողմից հաճախակի թմբկահարվող «արդարացումներից» մեկն էլ հենց այն է, որ հայերը, լինելով իր հպատակության տակ, կռվում էին իր հակառակորդի կողմից: Արդյոք վերջին  մոտ երկու տարում Ռուսաստանի զիջողականության թե հաշվարկների հետևանքով նույն բա՞նը տեղի չի ունենում: Ահա սա է, որ հարուցում է հայության մի զգալի հատվածի անհանգստությունը: Ոչ թե արևմտամետների և արևմտյան գրանտների դիմաց ռուսատյաց քարոզչություն ծավալողների, այլ սթափ հատվածի, որոնք հասկանում են, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը ներքաղաքական խոր ու անհաղթահարելի դարձած ճգնաժամն է, որի հետևանքով Հայաստանն իրոք Ռուսաստանից բացի, լավ թե վատ, ուրիշ աջակից չունի: Իրավիճա՞կ է փոխվել:   


Հետաքրքիր է, որ Ռուսաստանի զիջողականության առնչությամբ քաղաքագետը  խոստովանում է, որ այդպիսի տպավորություն Ռուսաստանում էլ կա, մեկնաբանների մի ստվար հատված շարունակ ահազանգում է, որ իրենք  զիջում են այնտեղ, որտեղ պետք չէ, որ առհասարակ թուրքերը հղփացել են:


Նրա կարծիքով՝ հրապարակախոսների այս դիրքորոշումը միակողմանի է ու տեղին չէ, և պետք է հաշվի առնել նաև անհատական գործոնը, ներկայիս խաղացողների կերպարն ու գործելակերպը: Իհարկե, դժվար է ընդդիմախոսել այս հիմնավորմանը: Ո՞վ է կասկածում, որ Հայաստանն այսօր այսպիսի անմխիթար վիճակում չէր հայտնվի, եթե չլիներ Փաշինյանի գործոնը:


«Պետք է խոստովանել, որ Թուրքիան նախագահ Էրդողանի օրոք վերածվել է չափազանց հմուտ և ազդեցիկ խաղացողի: Շատ կարևոր է անհատական գործոնը: Եթե և երբ նա չի լինի, ապա հետաքրքիր է, թե հետագա ինչ զարգացումներ կլինեն: Բոլորն ասում են, որ եկող տարվա ընտրությունները նրա համար լուրջ խնդիր են: Ես դրա մասնագետը չեմ, բայց կարծում եմ, որ Էրդողանը չի հեռանա, նա ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի իշխանությունը: Արժանին պետք է մատուցել Թուրքիային, հատկապես ուկրաինական դեպքերի լույսի ներքո, երբ խիստ բևեռացման պայմաններում հաջողացնում է զենք վաճառել Ուկրաինային, ակտիվ աջակցել նրան և միաժամանակ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ բարդ դասավորության մեջ Պուտինը զգուշավորություն է դրսևորում:  Մի հանգամանք էլ. Էրդողանի Թուրքիան առանձնանում է անկախ վարքագծի աննախադեպ մակարդակով: Եթե նա այդպես խորամանկորեն վարվեր միայն Ռուսաստանի հետ… Նա այդպես է վարվում բոլորի հետ»:


Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը կուզենար շատ հարցերում այլ բնույթի հարաբերություններ հաստատել, բայց հիմա դա հնարավոր չէ և ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն ավելի թույլ է, այլ որովհետև դա շատ դժվար է: Հայաստանի շահերի տեսանկյունից  նա հասկանում է անհանգստությունը, քանի որ կլանվածությունը Ուկրաինայի իրավիճակով կարող է այնպիսին լինել, որ Ղարաբաղի հարցերը մղվեն երկրորդ պլան: Նա վստահ է, որ եթե այդպիսի վտանգ էլ կա, ապա այն շատ փոքր է:


«Հայաստանը Մալի չէ, այն հենց այստեղ է (մեր կողքին), կապեր կան, և ամենագլխավորը՝ դա այն բարդ հանգույցի մի մասն է, որը մենք քննարկեցինք: Կովկասի նկատմամբ ուշադրության նվազումը կարող է ինչ-որ ռեսուրսներ ազատել Ուկրաինայի համար, բայց ընդհանուր առմամբ ազդում է՝ թուլացնում է, քանի որ կողքի դիտորդը կարող է մտածել, թե ուժերը սպառվում են: Ուստի կարծում եմ, որ հնարավոր են տարբեր շրջադարձներ ու տատանումներ: Անկասկած, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հասկանում են իրավիճակն ու հնարավորինս օգտագործում են այն, բայց որակապես, իմ կարծիքով, ոչինչ չի փոխվել: Այսինքն՝ ռուսական մոտեցումը, ըստ որի՝ ամրագրված ստատուս քվոն պետք է պարտադիր պահպանվի, մնում է: Այլ հարց է, որ Հայաստանում բոլորը հարցնում են՝ բա հետո՞: Այ այդ հարցն անիմաստ է տալ և ոչ միայն Ղարաբաղի առնչությամբ»,- եզրափակում է քաղաքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր