Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երեք հայկական գյուղերից շուրջ 150 ընտանիքների տարհանման Ադրբեջանի հրամանը խիստ անհանգստացրել է աշխարհասփյուռ հայությանը։
Ադրբեջանի վերջնագրի հետևանքով Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերի հայերը պարտավոր են տեղափոխվել Արցախի կամ Հայաստանի այլ վայրեր։ 2020 թվականի պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո թե Հայաստանը, թե Արցախը տառապում են վատ ղեկավարությունից, որոնք գյուղացիներին ստիպում են կատարել Ադրբեջանի պահանջը՝ լքել իրենց տներն ու եկեղեցիները մինչև օգոստոսի 25-ը։
Այս հիմնախնդրի սկզբնաղբյուրը 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ «հայտարարությունն» է, որն ստորագրվել է պատերազմի ավարտին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից։ Թեև այդ «հայտարարության» առաջին տողում հայտարարված էր «ամբողջական հրադադար», սակայն սա բոլոր պատերազմների պատմության մեջ հրադադարի ամենաարտասովոր տեսակն է։ Հակառակորդ բանակների հասած տեղը կանգ առնելու փոխարեն, հայկական կողմը համաձայնեց Ադրբեջանին հանձնել նրա կողմից չնվաճված մեծ տարածքներ։ Ավելին, Հայաստանի վարչապետը, առանց որևէ լիազորության, ստորագրեց մի փաստաթուղթ, որով զիջեց հողեր, ներառյալ Արցախի և նրա հարակից տարածքների մեծ մասը, որոնց նկատմամբ նա իրավական լիազորություններ չուներ։
Ուստի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը պետք է համարել անվավեր։
Այդ համաձայնագրի 6-րդ կետում ամրագրված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Այս պարբերությունը, մյուսների նման, խնդիրներ է ստեղծել իր անհստակ ձևակերպման պատճառով։ Այս համաձայնագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ունեցել են մի քանի դեմ առ դեմ հանդիպումներ, Հայաստանի կառավարությունը չի փորձել հստակեցնել 6-րդ կետի լեզուն: Հայաստանի պաշտոնյաները, հաստատելով Ադրբեջանի ծրագրերը, անընդհատ կրկնում էին, որ Լաչինի այլընտրանքային միջանցքը շրջանցելու երթուղին պետք է կառուցվեր միայն երեք տարի հետո, և որ Ադրբեջանը հապճեպ կառուցեց այլընտրանքային երթուղու իր հատվածը։ Փաստորեն, 2020 թվականի համաձայնագրում ասվում էր, որ այլընտրանքային ճանապարհը կառուցվելու է ոչ թե երեք տարի հետո, այլ երեք տարվա ընթացքում։ Հայաստանը ծրագրում է այս ամսվանից 250 օր հետո ավարտել Լաչին տանող այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։
Հայ պաշտոնյաները Լաչինի միջանցքում գտնվող երեք հայկական գյուղերի ընտանիքներին կեղծ հավաստիացումներ են տվել, որ իրենք բավական ժամանակ ունեն իրենց խնդիրները լուծելու համար՝ վստահեցնելով, որ կարող են մնալ իրենց տներում: Երբ Ադրբեջանը պնդել է, որ գյուղացիներն անհապաղ հեռացվեն այս գյուղերից, հայ ընտանիքներին երեք շաբաթից էլ քիչ ժամանակ է տրվել տեղափոխվելու համար՝ առանց գնալու տեղ ունենալու։
Իրավիճակն ավելի սրելով, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը երեք հայկական գյուղերի բնակիչներին զգուշացրել է, որ եթե մեկնելուց առաջ այրեն իրենց տները, ապա չեն ստանա խոստացված 10 միլիոն դրամի (24 հազար դոլար) փոխհատուցումը, որը բավարար չէ նոր տուն գնելու համար։ Նախարարը նկատի ուներ բազմաթիվ արցախահայերի գործելակերպը, որոնք այրել էին իրենց տները 2020 թվականի պատերազմից հետո՝ տները լքելուց առաջ։ Տունն այրելը սրտաճմլիկ որոշում է, բայց նույնքան վշտացնող է սեփական տունը ոխերիմ թշնամուն թողնելը: Այս շաբաթ դիտեցի մի սահմռկեցուցիչ տեսանյութ, թե ինչպես է հայրն այրում իր ընտանիքի տունը հեռանալուց առաջ: Ի՞նչ ակնկալիքներ ուներ նախարարն այս գյուղացիներից, որ մաքրեին իրենց տները, ճաշասեղանին թողնեին եփած կերակուրը շամպայնի շշով, իսկ դռան վրա՝ ողջույնի նշա՞ն իրենց ադրբեջանցի թշնամիների համար։
Ի հավելումն Ադրբեջանին Արցախի և նրա հարակից տարածքների զգալի հատվածների հանձման, որոնք Ադրբեջանը չէր բռնագրավել հրադադարի ժամանակ, Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո լրացուցիչ տարածքներ գրավեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմաններից ներս։ Ավելին, Ադրբեջանը, ի հեճուկս 2020 թվականի համաձայնագրի, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, մինչդեռ Հայաստանը հրադադարից անմիջապես հետո տխմարաբար հանձնել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին։
Հայաստանի իշխանությունները ոչ միայն ջանքեր չեն գործադրում հայ գերիների վերադարձի և Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման համար, այլև չեն էլ խոսում և չեն բողոքում դրանցից։ Նախքան Իլհամ Ալիևի հրամաններից որևէ մեկի կատարումը՝ Հայաստանը նախ պետք է պահանջի, որ Ադրբեջանը պահպանի իր պարտավորությունները 2020 թվականի համաձայնագրով։ Հասկանալի է, որ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանը գտնվում է թուլացած ու ենթակա դիրքում։ Սակայն հայ ղեկավարների անկարողության պատճառով իրավիճակի սխալ կառավարումն ու թշնամու բոլոր քմահաճույքների ու ցանկությունների առաջ ենթարկվելն անընդունելի է։ Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ։
Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի փակմամբ Արցախի մնացած հայերը կհայտնվեն մեկուսացման մեջ՝ շրջապատված Ադրբեջանի կողմից։ Նրանք կկորցնեն իրենց մուտքը Հայաստան, կզրկվեն էլեկտրաէներգիայից, ջերմությունից ու ինտերնետից, վաղ թե ուշ կվերցվեն Ադրբեջանի կողմից։ Ցավոք, Արցախն ու Հայաստանը 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո գտնվում են անկումային վիճակում։ Իրավասու նոր ղեկավարները գուցե չկարողանան շրջել Հայաստանի աղետալի իրավիճակը, բայց գոնե թույլ չեն տա, որ այն ավելի վատթարանա։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի