Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա.3 միլիարդ մարդ կհետևի թագուհու հուղարկավորության արարողությանը

Մի քանի ամիս առաջ, երբ կրկին լուրեր էին տարածվել Եղիսաբեթ 2-ի առողջական վիճակի վատթարացման մասին, տնտեսագետները հաշվարկել էին, թե Թագուհու մահն ինչ կարժենա Մեծ Բրիտանիայի համար: Բացի բարոյական հսկայական վնասից, որը կապրի բրիտանացի ժողովուրդը, որովհետև Թագուհին Մեծ մոր, ապահովության և անվտանգության խորհրդանիշ էր, բրիտանական տնտեսությունը մեծ վնաս կկրի: Ըստ բրիտանացի մասնագետների, 1.5-ից մինչև 6 մլրդ ֆունտ ստեռլինգի վնաս կկրի տնտեսությունը:
ԵՎ դա դեռ չհաշված հուղարկավորության ծախսերը: Նման ահռելի ֆինանսական կորուստն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ սգո 12 օրերի ընթացքում մահվան պահից մինչև հուղարկավորության օրը ամբողջ թագավորությունում գործարար և աշխարհիկ կյանքը կանգ կառնի:
Որոշ ժամանակով փակ կլինեն բանկերը, ֆոնդային շուկան, հեռուստաընկերություններում ժամանցի բոլոր հաղորդումները ժամանակավորապես կդադարեցվեն: Թատրոններում և համերգասրահներում նույնպես ժամանակավորապես կդադարեցվեն ժամանցային, կատակերգական ներկայացումները, համերգներն ու զվարճալի շոուները: Դա նշանակում է, որ զվարճանքի ոլորտը կկրի հսկայական ֆինանսական կորուստներ:
Թագուհու հուղարկավորության օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ: Հրատապ կարգով կփոխվի միապետի դիմանկարը բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա: Ըստ վիճակագրության թագուհու հուղարկավորության արարողությանը կհետևի 3 միլիարդ մարդ: Ըստ կարգի, Բուքինգհեմյան պալատը հուղարկավորության համար կպատվիրի 2 միլիոն հատ վարդ սրահը զարդարելու համար: