Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

22 սեպ 2022 15:15

Եթե Իրանը գրավի Նախիջևանը, ապա ...Իրանը պատմական մղձավանջի կվերածի տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ ի դեմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն, դա Թեհրանի կարմիր գիծն է:


Ավելին, ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը:


Ի՞նչ սպասել, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:


– Վերջին իրադարձություններից հետո Թուրքիայի և հատկապես՝ Ադրբեջանի հասցեին օգտագործվող բառապաշարը կտրուկ խստացել է։ Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, այն է՝ Իրանը դեմ է և թույլ չի տալու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց հայտարարությունները տեղավորվում են հենց այդ սահմանում։ Սոցցանցերում և լրատվական-փորձագիտական շրջանակներում, սակայն, վիճակն այլ է։ Խոսվում է կտրուկ, ես կասեի՝ կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին։ Հստակ նշվում է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի գործողությունները ոչ միայն ուղղված են Հայաստանի, այլ նաև՝ Իրանի դեմ, ինչն էլ պահանջում է Իրանի համարժեք և համաչափ արձագանքը։


Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի այսօրվա նիստին, կարելի է ենթադրել, որ լուրջ քննարկում է ծավալվելու։ Այդ մասին է վկայում նախօրեին խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեի հայտարարությունն առ այն, որ Իրանը պատմական մղձավանջի կվերածի տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը։


Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չպետք է Իրանի խորհրդարանի կողմից չափազանց կոշտ հայտարարության կամ էլ գործնական ինչ-որ որոշման ակնկալիք ունենալ, քանի որ նման որոշումները կայացվում են բոլորովին այլ ատյաններում և մակարդակում։


– Իրանում ինչ թեմաներ են գեներացվում, որոնք դեռ հայաստանյան շրջանակներում չեն քննարկվում:


– Վերջին իրադարձությունների ֆոնին ամենահետաքրքիր թեման, որին հանդիպել եմ, դա Նախիջևանի թեման է։ Փորձագիտական որոշակի շրջանակներ խոսում են Իրանի կողմից Նախիջևանը գրավելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրանց՝ եթե Իրանը գրավի Նախիջևանը, ապա դա վերջնականապես կթաղի տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներն ու վերջ կդնի ադրբեջանաթուրքական ծավալապաշտական ծրագրերին։


– Մոտ մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում ասացիք, որ Սյունիքի հարցով Իրանն իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը: Նման պահանջ եղե՞լ է ՀՀ-ի կողմից, ի՞նչ եք կարծում:


– Դեռևս նույն կարծիքին եմ։ Սակայն, պետք է նշեմ, որ վերջին պատերազմով պայմանավորված, որոշակի բաներ փոխվել են։ Անկասկած, եթե ադրբեջանաթուրքական դաշինքը փորձի վերսկսել Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և ցանկացած գնով առաջ տանի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման իր ծրագիրը, ապա Իրանն իր անվտանգային և աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել։


– Մեկ այլ առիթով Դուք նաև նշել էիք, որ իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել տեսակետը՝ եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ–ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ–ի վրայով դեպի հյուսիս, որը հարաբերականորեն «խաղաղության միջանցք» են անվանել: Այս առումով ի՞նչ է փոխվել:


– Արդեն առիթ ունեցա նշելու, որ իրանական փորձագիտական շրջանակներում խոսվում է Իրանի կողմից Նախիջևանը գրավելու և տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներին վերջ տալու անհրաժեշտության մասին։ Հենց այս գաղափարի շրջանակում քննարկվում է նաև Նախիջևանի վրայով Հայաստանի հետ ավելի դյուրին և կարճ կապի հնարավորության մասին։


– Իրանը պատրա՞ստ է դառնալ ՀՀ-ի դաշնակիցը, ունենալ ռազմական ավելի խորը համագործակցություն, ՀՀ-ում ժամանակ առ ժամանակ այս թեման ակտիվանում է:


– Գիտեք, դա չափազանց բարդ և բազմաշերտ թեմա է։ Աշխարհում հնարավոր չէ գտնել որևէ երկու երկրի, որոնք հենց այնպես, մի գիշերում, մի ամսում կամ էլ մի տարում դառնում են դաշնակից գործընկերներ և կտրուկ խորացնում են ռազմական ոլորտում համագործակցությունը։ Այնպես որ, այս պահին խոսել Հայաստանի և Իրանի միջև նման դաշնակցային հարաբերությունների ձևավորման հնարավորության մասին, իրատեսական չէ։ Դա իմ կարծիքն է։


– Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերություններն այսօր ի՞նչ մակարդակի են, ի՞նչ չերևացող կամ տողատակային խնդիրներ կան այդտեղ:


– Կողմերը փորձում են նորմալ հարաբերություններ պահպանել։ Սակայն ակնհայտ է մի բան․ երկու երկրներն էլ միմյանց դիտարկում են՝ որպես սպառնալիք։ Դա փաստ է, որը հերքել չի կարելի։ Բավական է հիշեցնել, թե ոչ պաշտոնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչությամբ են զբաղվում միմյանց դեմ։


– Մոտ մեկ տարի առաջ Իրանը և Չինաստանը 25 տարվա համագործակցության պայմանագիր կնքեցին, որը լուրջ փաստաթուղթ է թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, և, ըստ մասնագետների՝ կարող է մեծ փոփոխություններ մտցնել Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Պարսից ծոցի ռազմաքաղաքական և տնտեսական հաշվարկներում և իրադարձություններում: Այս առումո՞վ ինչ ունենք:


– Գործընթացը շարունակվում է։ Գիտեք, այդ մասին քիչ է խոսվում և գաղտնիությունը մեծ է։ Սակայն ակնհայտ է, որ երկու կողմերն էլ փորձում են հնարավորինս արագացնել գործընթացը։ Դա բխում է երկու երկրների անմիջական շահերից՝ հաշվի առնելով, մասնավորապես, Արևմուտքի հետ նրանց լարված հարաբերությունները։ ՇՀԿ-ին Իրանի անդամակցումը պետք է դիտարկել հենց այդ գործընթացի շրջանակում։ Այսքանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր