Վարդենիսի ուղղությամբ հրետանու տեղակայումը կապված է Ադրբեջանի գործողությունների հետ․ տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանու տեղակայումը կապված է Ադրբեջանի կողմից այդ հատվածում լրացուցիչ ուժերի և միջոցների կուտակման հետ, և ունի բացառապես պաշտպանական բնույթ:
«Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն»,- հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի քայլերն իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո և կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
«Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,- նշում է Թորոսյանը։
***
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը հոկտեմբերի 16-ից լրացուցիչ ուժեր և հրետանու 4 միավոր է տեղակայել Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում ասված էր, թե «տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու»: