Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

19 հոկ 2022 11:10

Դոնբասում ի՞նչ արեցին դիտորդները, որ մեզ մոտ անեն.ՆԱՏՕ-ական բանակը 8 րոպե հետո կարող է մտնել Հայաստան, եւ դա թուրքական բանակն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փաշինյանը խոստովանեց, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ մեր տարածքում՝ միջդիրքային տարածքից դուրս բերեն սեպտեմբերի 13-ին զոհված մեր տղաների մարմինները․ հիշեցնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։


«Ադրբեջանի մարտավարությունը կարծես թե անփոփոխ է 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։ Այսինքն՝ տարբեր տեղերում արագ հարձակում են անում, սպանում են, կոտորում են, ինչ-որ դիրքեր են զբաղեցնում, գրավում են, հետո բանակցություններ են սկսում։ Հայկական կողմը սկսում է բանակցել, այդ բանակցությունների ընթացքում իրենք ամրանում են այդ դիրքում, ամրաշինական աշխատանքներ են վարում, ճանապարհներ են քաշում ու դրանից հետո արդեն ինչ-որ հերթական հարմար պահի էլի հարձակվում են՝ արդեն օգտագործելով նոր գրաված տարածքը որպես պլացդարմ։ Ըստ էության, թե՛ Արցախում այդպես արվեց, թե՛ առաջ գալով Սյունիքում․ 2020 թվականի դեկտեմբերին, օրինակ, բարձունքները հանձնվեցին առանց գեթ մեկ կրակոցի՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ինչպես նա հետո խոստովանեց՝ բանավոր ըմբռնմամբ։ Այսինքն՝ Ալիեւը պահանջել է, ինքն էլ բանավոր այդ պահանջով հանձնել է Սյունիքը պաշտպանող դիրքերը, ճանապարհը եւ այլն։ Հետո նույնը կրկնվեց Սեւ լճի մոտ՝ 2021 թվականի մայիսին, նույնը եղավ արդեն դիմադրությամբ՝ նոյեմբերին․ ի դեպ, ոչ միայն Սեւ լճում, Գեղարքունիքում էլ առաջ եկան՝ Սեւանի գլխին կախվեցին հայկական գյուղերի ուղղությամբ, հետո անցած տարի Իշխանասարում առաջ եկան ու հնարավորություն ստացան Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը հրետակոծելու, որը եւ հրետակոծեցին արդեն այս սեպտեմբերյան պատերազմի ժամանակ»,- ասաց Վրթանեսյանը։


Բոլոր բարձունքներն ու դիրքերը, որ թշնամիները զբաղեցրել են, ունեն ճանապարհներ, որոնցով մատակարարում են զինամթերք։ Այս մարտավարությունը մի քանի անգամ կրկնվել է, ի՞նչն է ստիպում մեզ մտածել, որ դիտորդները կամ խաղաղապահները կարող են ադրբեջանցիներին կանգնեցնել։ Ռազմական փորձագետը նշում է, որ եթե այդ դիտորդները կցված լինեին ինչ-որ կառույցի, ապա նրանց ներկայությունը կարելի էր դրական համարել կամ քննարկել այդ հարցը։ Եվ ասում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե լինեին ԵԱՀԿ դիտորդները, ոչ թե Եվրամիության, ում մանդատն ընդհանրապես հասկանալի չէ։ Բացի այդ, ո՛չ ռազմական, ո՛չ էլ քաղաքական լուրջ գործոն չեն, ավելի շատ Ռուսաստանին եւ Իրանին նյարդայնացնելու համար են։


«Ի՞նչ են այդ դիտորդները փոխելու, եթե ադրբեջանցիները որոշեն հաջորդ քայլն անել ռազմի դաշտում։ Ոչ մի բան էլ չեն անելու՝ Դոնբասում ի՞նչ արեցին այդ քաղաքացիական դիտորդները՝ ոչ մի բան։ Դա որեւէ կերպ չկանխեց այս պատերազմը։ Եվ այսպիսի դիտորդներ, խաղաղապահներ բազմաթիվ վայրերում ներկա էին։ Օրինակ, նախկին Հարավսլավիայի տարբեր հատվածներում մի քանի անգամ ցեղասպանության դեպքեր եղան՝ հենց խաղաղապահների ներկայությամբ, Ռուանդայում եղավ ցեղասպանություն՝ խաղաղապահների ներկայությամբ։ Եթե այլ գործոններ չկան, միայն խաղաղապահներն ու դիտորդները ոչ մի խնդիր չեն լուծելու, եթե մի կողմն ագրեսիվ է, իսկ մյուս կողմը չի ուզում պաշտպանվել»,- նկատում է Կարեն Վրթանեսյանը։


Քանի դեռ ՀՀ զինված ուժերը հակահարված չեն տվել թշնամուն, սողացող պատերազմով ադրբեջանցիներն առաջ են գալու։ Դրան ականատես ենք եղել՝ սկսած 1994 թվականից, երբ պարբերաբար փորձեր էին անում ադրբեջանցիները, հարվածն ուտում էին, խաղաղվում ու նորից փորձում, մինչեւ հաջորդ հարվածը ստանալը։ Այնինչ որոշ ուժեր Հայաստանում 2016 թվականի քառօրյայի ժամանակ կորցրած 400-800 հա կորուստը ներկայացնում էին որպես ահռելի կորուստ։ «Հիմա 800 հա չէ, 8000 կմ² ենք կորցրել, դա ոչ մի բան, արդեն Հայաստանի Հանրապետությունից շատ ավելի տարածքներ են կորսված, դրա մասին այդ նույն մարդիկ լուռ են։ Ու այն մարդիկ, ովքեր իրենց առաջ կոտորում էին, նստած՝ սանտիմետրերով հաշվում էին, այդ մարդիկ հիմա կա՛մ չեն քննադատում, կա՛մ շատ մեղմ են Նիկոլ Փաշինյանին քննադատում»,- ասաց ռազմական փորձագետը։


Վերջերս էլ հանրության որոշ շրջանակներ փորձում են համոզել, որ հենց ռուսական զորքերը հեռանան Հայաստանից, ութ րոպե հետո ՆԱՏՕ-ական բանակն է մտնելու Հայաստան։ ՆԱՏՕ-ական մի երկիր կա, ում բանակը 8 րոպե հետո կարող է մտնել Հայաստան, եւ դա թուրքական բանակն է։ Նույն շրջանակների կողմից դաշտ նետվող թեզերից է նաեւ այն, թե Ռուսաստանն է պատճառը, որ Թուրքիան եւ Հայաստանը թշնամացել են։ Ընդ որում՝ դա հին թուրքական թեզ է, որը գալիս է դեռեւս 1914 թվականից։


«Մեզ ցեղասպանում էին, հետո ասում էին, որ ձեզ ցեղասպանում ենք, որովհետեւ դուք Ռուսաստանի հետ չգիտեմինչ»,- ասաց Վրթանեսյանը եւ նշեց, որ նույն թեզերն իշխանությունները 2020 թվականից հետո են հնչեցրել։


Վերջերս շրջանառության մեջ դրված՝ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրումների դեպքում օտարազգիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու կասկածելի նախագիծն են առաջ քաշում՝ այդպիսով վաճառքի հանելով ՀՀ անձնագիրը, իսկ Հայաստանի պետականության կայացման հարցում մեծ ներդրում ունեցած, սակայն Փաշինյանին ոչ հաճո մարդկանց մուտքը Հայաստան արգելում են։


Արցախում 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնց չեն պատրաստվում պաշտպանել, պատրաստվում են թողնել Ադրբեջանի քմահաճույքին՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ «Նման բան չի եղել մարդկության պատմության մեջ, որ երկիրն իր 100 հազար քաղաքացուց հրաժարվի՝ շպրտի թշնամու բերանը»,- ասաց Վրթանեսյանը։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու հավանականությանը, ռազմական փորձագետը շեշտում է, որ դրանք անընդհատ կրկնվելու են՝ փոքր թե մեծ մասշտաբով։ Սեպտեմբերի եռօրյա պատերազմի մասշտաբները մարդիկ այդպես էլ չհասկացան, այն շատ ավելի մեծ էր մասշտաբներով, ընդ որում՝ կորուստների քանակը 3-4 անգամ ավելին էին, քան հայտարարվեց։


Ինչ վերաբերում է եռամսյա հավաքներից 25-օրյա հավաքների անցնելուն, ապա շարքային քաղաքացուն դա առաջին հայացքից դրական փոփոխություն կարող է թվալ, սակայն դա ոչ միայն պետական միջոցների անխնա վատնում է, այլեւ բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Ինչպե՞ս կարող է, օրինակ, 20 տարի առաջ բանակում ծառայած մարդը հինգ օր պատրաստություն անցնելուց հետո առաջնագծում դիրք պահել կամ դիմակայել ադրբեջանական հատուկ պատրաստվածություն անցած «Կոմանդո» ջոկատի մարտիկներին»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր