Հայաստանում պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն, իսկ պարգեւավճարները՝ կկրճատվեն
Հայաստանում պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն, իսկ պարգեւավճարները՝ կկրճատվեն. Այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ։Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ բոլոր գերատեսչություններում պարգեւավճարների ֆոնդը մինչեւ 2019 թվականը կազմել է աշխատավարձի ֆոնդի մոտ 10 տոկոսը։ Ընդ որում, 2019 թվականին այս 10 %-ին ավելացրել են եւս 20 տոկոս։ Այսպիսով, կառավարությունը ցանկանում է պարգեւավճարների ֆոնդը 30 տոկոսից իջեցնել 16 տոկոսի։ «Թե ինչ սկզբունքով են բաշխվելու պարգեւները, կորոշվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,- ասաց Խաչատրյանը։
Սակայն, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա։ Հայտնի է միայն, որ բազային դրույքաչափը, որով հաշվարկվում են պաշտոնյաների աշխատավարձերը՝ կախված պաշտոնից եւ ստաժից, 66 140-ից կբարձրացվի մինչեւ 82 000 դրամ։ Աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի նաեւ պարգեւավճարների ֆոնդի մի մասը։
«Ընդհանուր առմամբ 2023 թվականին պետական ծառայողների աշխատավարձերի ֆոնդը կավելացվի 21 մլրդ դրամով։ Այսինքն՝ 7-8 տոկոսով»,- պարզաբանեց նախարարը։
