Կարո՞ղ էր շատ քանակությամբ ջրի օգտագործումը դառնալ Բրյուս Լիի մահվան պատճառ
![](https://www.pastinfo.am/news_images/88/261364_1/f56c209823b887_56c209823b8c2.jpg)
Փորձագետները վերլուծել են աստղի սովորությունները, նրա հարազատների ցուցմունքներն ու դիահերձման արդյունքները՝ մատնանշելով, որ մահը տեղի է ունեցել ուղեղային այտուցի հետեւանքով։ Մադրիդի Ինքնավար Համալսարանում Պրիսցիլա Վիլալվասոյի գլխավորած գիտնականների խումբը կարծում է, որ դա պայմանավորված է հիպոնատրեմիայով՝ մարմնում հեղուկի կուտակմամբ, ինչը հանգեցնում է արյան մեջ նատրիումի քանակի մինչեւ կրիտիկական մակարդակի կտրուկ նվազմանը: Օրգանիզմն այսպիսի վիճակում կարող է հայտնվել հիվանդությունների կամ առատ հեղուկ ընդունելու պատճառով:
Գիտնականները նշել են, որ Լին մարիխուանա է օգտագործել, ինչը կարող է նպաստել ծարավի ավելացմանը։ Բացի այդ, դեղերը, երիկամների սուր անբավարարությունը եւ ծանր ֆիզիկական ակտիվությունը կանխել են օրգանիզմից հեղուկի դուրսբերումը, նշում են մասնագետները։
Բրյուս Լին մահացել է Հոնկոնգում 1973 թվականի հուլիսի 20-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա ընդունել է «Equajestic» դեղամիջոց, ինչը հանգեցրել է ուղեղային այտուցի եւ հասցրել մահվան։