Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

17 դեկ 2022 14:26

Էրեխեք, հաջող արեք ձեր մորը, հեսա մորթում եմ․․․ սկսել է նկարագրել, թե ինչպես է մորթելու.factor.am

32-ամյա կնոջ պատմությունը սարսափ ֆիլմ է հիշեցնում։ Ամուսինը ցանկացել է նրան սպանել երեխաների աչքի առջև։ Տղամարդը 2021 թվականի նոյեմբերին ընտանիքին կողպել է տան նկուղային հարկում, որտեղ պարբերաբար ծեծել է կնոջը՝ երեխաների ներկայությամբ։
Մի օր էլ դանակներն ու կացինը դրել է սեղանին ու երեխաներին ասել․ «Էրեխեք, հաջող արեք ձեր մորը, հեսա մորթում եմ․․․»։ 11-ամյա տղան և 13-ամյա աղջիկը աղաչել են հորը չսպանել մորը, սակայն վերջին չի անսացել երեխաների խնդրանքներին, նաև զգուշացրել է, որ չփորձեն միջամտել։ Այնուհետև սկսել է նկարագրել, թե ինչպես է մորթելու։
Մայրը երեխաներին խնդրել է որևէ դեպքում չմիջամտել․ «Վախենում էի, որ էրեխեքին էլ կվնասի, խնդրեցի, որ զուգարան տանի, որ չտեսնեն։ Ինքն ասեց՝ մեռնողի վերջին ցանկությունն օրենք է ու տարավ էրեխեքին»,- արցունքն աչքերին հիշում է Կարինեն (անունը փոխված է)։ Չնայած լարված վիճակին՝ կինը հասկացել է, որ կարող է փախչել պատուհանից։
«Ինձ պետք էր, որ ինքը մի անգամ էլ դեպի զուգարանը գնա, որ ես հասցնեմ դուրս գամ պատուհանով, ասեցի՝ որ ինձ մորթես, իմ գոռոցներից էրեխեքը չեն դիմանա, կբացեն դուռը, զամոկով փակի։ Գնաց որ փակի, ես վայրկյանական դուրս թռա, դեմքով ընկա քարերի վրա»,- Factor.am-ին պատմում է Կարինեն։

Տան հողամասը հարևանի հողամասից բաժանում է մի մետաղյա ցանց, որի վրայով անցնելիս ցանցի ձայրը խրվել է Կարինեի հագուստի մեջ և դանդաղեցրել փախուստը։ Այդ ընթացքում ամուսինը դանակը ձեռքին վազել է նրա ուղղությամբ։ Կնոջը հաջողվել է հասնել հարևանի տուն ու մտնել ներս։ Ամուսինը քարով կոտրել է հարևանի տան ապակին ու դանակը շպրտել․ այն դիպել է հարևանուհու նախաբազկին ու վնասվածք հասցրել նրան։
Կինը ոստիկանություն է զանգել ու զգուշացրել է ամուսնուն, որ շուտով ոստիկաններ կգան, որից հետո նա վերադարձել է տան նկուղային հարկ՝ դանակները թաքցնելու։ Հետագայում դատահոգեբուժական փորձաքննությունն արձանագրել է, որ բռնարար տղամարդու մոտ առկա է խրոնիկական հոգեկան հիվանդություն, մասնավորապես՝ հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով, փսիխոտիկ խանգարում խրոնիկական զառանցական խանգարման գերակշռմամբ։

Կինը պատմում է, որ ամուսինը տարիներ շարունակ չարաշահել է ալկոհոլը և թմրանյութեր է օգտագործել, իսկ դաժան ծեծի ընթացքում կնոջը ստիպել է խոստովանել արարքներ, որոնք իրականում նա չի գործել։ «Ինձ ասում էր՝ մարդիկ ինձ պատմել են, ասա՝ ինչեր ես արել։ Ասում էր՝ ասա, թե որտեղ ես գաղտնալսող սարքեր դրել տան մեջ, ասում էր՝ մարդ ես սպանել, երբ ասում էի՝ չեմ արել, ավելի ուժեղ էր ծեծում։
Ստիպված ասում էի՝ արել եմ, դրանից հետո էլ չէր խփում, բայց սկսում էր մանրամասն հարցեր տալ, թե երբ, ոնց եմ արել, ես էլ պիտի ստեր հորինեի»,- հիշում է Կարինեն։ Նա ամուսնացել է 17 տարեկանում, ամուսնու կողմից ֆիզիկական բռնությունների է ենթարկվել սկսած առաջին հղիությունից, սակայն մշտապես թաքցրել է բոլորից դա․ ոչ իր ընտանիքին է պատմել, ոչ էլ՝ ամուսնու։ Սակայն վերջին տարիներին ամուսնու վարքն ավելի ու ավելի անադեկվատ է դարձել․ «Ինքը ինձ որ ծեծում էր, ես ինչ ասում էի, կարծես չէր լսում, ես էդ ժամանակ հասկացա, որ ինքն էլ առողջ չի»,- նշում է Կարինեն։ Տարիների ընթացքում բռնություններն ավելի դաժան բնույթ են կրել․ ծեծել է մուրճով, երկաթե ձողով։ Այսօր 32-ամյա Կարինեի մարմնի վրա երկու սպի կա․ մեկը ճակատային հատվածում, մյուսը պարանոցից քիչ ներքև։

Վերջին վնասվածքը ամուսինը հասցրել է քրեական գործի հարուցումից հետո։ Դանակով հարձակվել է կնոջ վրա, մեկ անգամ հարվածել ու փախել։
Դրանից հետո Կարինեի իրավունքները պաշտպանող Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության փաստաբան Զարուհի Մեջլումյանը միջնորդել է անվտանգության միջոց կիրառել՝ բժշկական բնույթի հարկադրանքի ձևով։ Տղամարդուն տեղավորել են ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում (ստացիոնար պայմաններում), հարուցված է քրեական գործ, սակայն մեղադրյալը ճանաչված է անմեղսունակ։ Գործի դատաքննությանը կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։

factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր