«Մեր միակ հույսը աղոթքն է».15 օրվա ընթացքում օրական ուղարկվող 400 տոննա պարենային խմբաքանակներից ոչ մեկը չի հասել Արցախ, անգամ կանխիկ գումարն է վերջանում. Le Figaro
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/321798176_554180150085926_8522719513446126114_n.jpg)
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «ակտիվիստները» փակել են Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Պաշարները սպառվում են, անկլավում գտնվող հայերն իրենց բոլորի կողմից լքված են զգում։
Դեկտեմբերի 12-ից այս կենսական նշանակություն ունեցող ճանապարհը, որը տեղափոխում է տարածքի պաշարների գրեթե 90%-ը, չի վարել ոչ մի մարդատար կամ բեռնատար։ Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, ապա Ստեփանակերտի բոլորովին նոր օդանավակայանը շահագործումից դուրս է եկել, քանի որ Ադրբեջանը սպառնացել է խոցել ցանկացած օդանավ, որը բարձրանում կամ վայրէջք է կատարում: Հետևանքը եղել է այն, որ 15 օրվա ընթացքում օրական ուղարկվող 400 տոննա պարենային խմբաքանակներից ոչ մեկը չի հասել Արցախ։ Անգամ կանխիկ գումարն է վերջանում։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են վճարումներ կատարել բանկային գործարքների միջոցով:
Սուրբ ծննդյան տոնակատարությունից մի քանի օր առաջ, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին, շրջափակումն էլ ավելի դաժան է դառնում։ Մեկ հիվանդ, որին թույլ չեն տվել տեղափոխել Երևանի հիվանդանոց, արդեն մահացել է.
Հայաստանի իշխանությունները, ինչպես բնակիչները, գիտեն, որ իրավիճակը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ չկա միջազգային ճնշում։