Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել․ ԶԼՄ-ներ

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նշված համակարգերի գնման վերաբերյալ, Հնդկաստանն իր հերթին առաջարկել էր Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության արտադրանք են։ Բանն այն է, որ թեև MRSAM ԶՀՀ-ներն արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից։
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Նյու Դելին այդ սպառազինությունների արտահանման առումով սահմանափակումներ չունի։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները, նշում են հրապարակման հեղինակները։
Հիշեցնենք, որ անցյալ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 250 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում Երևանը, մասնավորապես, հնդկական արտադրության Pinaka ՀԿՌՀ-ներ է պատվիրել։