Սիրիայում ուժեղ երկրաշարժից զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել մոտ 500-ը․ զոհերի թվում կան հայեր          ՀՀ-ն պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին.Թուրքիայի առեւտրի նախարար       Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում    

23 հուն 2023 13:24

Բայց եթե բենզինը լցնում ես կրակի վրա...Դա խրճիթ չէ, դրանք տներ են, որ շինարարական կամ սակրավորների ջոկատները այդտեղ են բնակվում, ապահովված են ամեն ինչով

Մեծ հաշվով պարզ է՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում զինվորների կացարանի միջադեպին, որի հետեւանքով 15 զինվոր է զոհվել:

Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել էր, որ պետք էր ծառայողական քննություն նշանակել, գտնել մեղավորներին, նոր պատասխանատվության ենթարկել, ոչ թե դեպքից մի քանի ժամ անց նշանակել պատասխանատուներ եւ ազատել աշխատանքից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նման որոշում կայացնող մարմինը գտել է, որ ճիշտ է այդ ճանապարհով գնալ: Եթե չգիտես՝ ինչ է տեղի ունեցել, կարող ես ծառայողական քննություն նշանակել, բայց երբ պարզ է…»:

Ինչ վերաբերում է նրան, որ նման հայտարարություններով իշխանությունն ուղղորդում է նախաքննության մարմնին, ԱԺ նախագահն ասաց. «Ես ասում եմ այն, ինչ իմ զրույցի ընթացքում տեղեկացել եմ զինվորների հետ հանդիպումներից հետո: Իմ տպավորությունն եմ պատմում, կարող է քննությունն այլ բան պարզել, կամ կարող է ինձ կանչել հարցաքննության, հարցնել՝ քեզ ով ինչ է ասել, ես  դրա պատասխանները կտամ»:

Լրագրողները հիշեցրին, որ դեռեւս 2018-ի հունվարին Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկել իշխանություններին բանակում երկու զոհի վերաբերյալ, ի՞նչ է փոխվել նրա մոտ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Համեմատականները տեղին չեն: Մեծ քանակով շատ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել: Ձեր նշած ժամանակում քանի՞ նման դեպք գիտեք, որ բարձրաստիճան պաշտոնյաների շարան է պաշտոնանկ արվել:

Քաղաքական պատասխանատվություն չկա, որովհետեւ քաղաքական գործառույթի բացակայություն կա: Քաղաքական որեւէ որոշում կամ քայլ չկա, որ պետք է արվեր ու չի արվել եւ դրա հետեւանքով տեղի է ունեցել այս դեպքը»:

Հարցին, թե արդյոք քաղաքական պատասխանատվության խնդիր չէ, որ զինվորը հայտնվել է այդ իրավիճակում, որ նա որ թե զորամասում կամ խրմատում է, այլ ինչ-որ խրճիթում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Դա խրճիթ չէ, դրանք տներ են, որ շինարարական կամ սակրավորների ջոկատները այդտեղ են բնակվում: Նրանք ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերից, որոնք խախտվել են եւ որի հետեւանքով տեղի է ունեցել այդ դեպքը: Դուք չկարողացաք նշել, թե այդ որ գործողությունն է, որի հետեւանքով եղել է դեպքը կամ որ գործողությունն է, որը չի արվել եւ դրա պատճառով եղել է դեպքը: Իրենք ամեն ինչով ապահովված են եղել, բայց եթե բենզինը լցնում ես կրակի վրա...»:

Ալեն Սիմոնյանը կրկնեց, որ քրեական գործ է հարուցված, քննություն է գնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր