Ուկրաինայում մոբիլիզացիայի նոր ալիք է սկսվել.Զելենսկին հրամանը չկատարելու համար զինվորականների համար խստագույն պատիժներ սահմանելու մասին օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 24-ին օրենք է ստորագրել, որը խստացնում է զինվորականների պատասխանատվությունը հրամանները չկատարելու, ռազմի դաշտից կամ զորամասից փախչելու համար։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։
Օրենքի տեքստի համաձայն՝ դատարանները չեն կարողանա մեղմացնել կամ պայմանական պատիժներ սահմանել հրամանը չկատարելու, դասալքության, ինչպես նաև ռազմական կամ մարտական դրության պայմաններում զինվորական ծառայությունից չթույլատրված թողնելու համար։
Բացի դրանից, կբարձրանան ռազմական դրության ժամանակ ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործման համար պատժի ժամկետները։
Օրինագիծը պատրաստել է «Ժողովրդի ծառա» խմբակցությունը և ստորագրության է ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում էր դասալքության, անհնազանդության, զինվորական հրամանները կատարելուց հրաժարվելու, հարբածության և թմրամոլության դեպքերով։ Ռազմական հրամանատարությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի գլխավորությամբ, պնդել է օրենքը ստորագրել։
Սակայն Strana.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ստորագրահավաք է ստեղծվել, որով նախագահին խնդրում են վետո դնել օրենքի վրա։ Օրվա ընթացքում նա հավաքել է ավելի քան 25 հազար ձայն։
Ներկայումս Ուկրաինայում մոբիլիզացիայի նոր ալիք է սկսվել։ Մասնավորապես, հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ մոբիլիզացիան տեղի է ունենում Անդրկարպատիայում։ Մի շարք տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հրավիրել մինչև 100 հազար նորակոչիկների։