Սկզբունքային համաձայնություն կա Իրանին ներգրավելու Թուրքիայի եւ Սիրիայի հետ շփումներին․ Լավրով

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի շահագրգռվածությունը եւ աշխատանքն այս ուղղությամբ կզարգացնի։
«Բնականաբար, այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանին ներգրավելու վերաբերյալ»,- Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան մտնում են «Աստանայի» եռյակի մեջ, որը զբաղվում է Սիրիայում ճգնաժամի կարգավորմամբ։
«Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումներին ներգրավվեն Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը։ Ինչ վերաբերում է ժամկետներին եւ մասնակցության կոնկրետ ձեւաչափերին՝ զինվորականների, թե դիվանագետների մակարդակիով, դա դեռ քննարկվում է»,- հավելել է նախարարը։