Հազարավոր սիրիացիներ ցանկություն են հայտնել որդեգրել երկրաշարժի փլատակներում լույս աշխարհ եկած նորածնին
Սիրիացի աղջիկը, որին մայրը լույս աշխարհ է բերել օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակներում գտնվելու ժամանակ, այժմ անուն ունի:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նրան անվանակոչել են Այա, ինչն արաբերեն նշանակում է «հրաշք». պարբերականը նկատում է, որ սա հարմար անուն է նորածնի համար, որը լույս աշխարհ է եկել նման դաժան պայմաններում և, ի տարբերություն մորը, հաջողացրել է ողջ մնալ:
Անունը նրան շնորհել է բժիշկ Խալիդ Աթիահը՝ Սիրիայի Հալեպ քաղաքի Աֆրինի մանկական հիվանդանոցի ղեկավարը:
Այան մեկն է այն մեծ թվով որբերից, որոնք մնացել են երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Շատ դեպքերում որբ երեխաներին վերցնում են հազարատները, պատմել են բժիշկներն ու փորձագետները։ Բայց շատ դեպքերում ողջ մնացած հարազատները ստիպված են գործ ունենալ նաև երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրների հետ:
Նորածին Այայի դեպքում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան կվերցնի հոր հորեղբայրը՝ Սալահ ալ Բադրանը: Սակայն հազարավոր մարդիկ առաջարկել են որդեգրել աղջկան:
«Ես հիմա թույլ չեմ տա որևէ մեկին որդեգրել նրան: Քանի դեռ նրա հեռու բարեկամները չեն եկել, ես նրան վերաբերվում եմ հարազատիս պես», - AP-ին ասել է Աթիահը։
Առայժմ նրա կինը սեփական երեխայի հետ մեկտեղ կրծքով կերակրում է նաև Այային: