Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

14 փետ 2023 18:46

Պարսիկները լավ և ազնիվ ժողովուրդ են, Ավարայրի ճակատամարտի վայրը կարող է լինել հայ-պարսկական բարեկամության կարևոր խորհրդանիշ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «451 թվականին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտը մեր պատմության կարևորագույն դրվագներից մեկն է, որով պարսկական տերության դեմ պայքարում մեր նախնիները կարողացան պահել ազգային ինքնությունն ու հայ առաքելական եկեղեցու հավատը։
Ավելի քան 1570 տարի անց Ավարայրի ճակատամարտի վայրը կարող է լինել հայ-պարսկական բարեկամության հաստատման և տարածաշրջանում միմյանց թիկունք պահելու կարևոր խորհրդանիշ։

Ինչո՞ւ և ինչպե՞ս։
Վերջերս Իրանում եղած ժամանակ գնացել էի հենց այն վայրը, որտեղ եղել է Ավարայրի ճակատամարտը։ Նկարում երևում է։
Նախիջևանի սահմանի մոտ Արաքս գետին է միախառնվում Մակու կամ Զանգիմար գետը։ Մի քանի տասնյակ կիլոմետր այս գետի ափով դեպի արևմուտք ընթանալով՝ հասնում ենք Տղմուտի և Մակուի խառնարանին։ Դա սահմանակից է նաև ժամանակակից Թուրքիային։ Այդ հատվածից թուրքերը հաճախ փորձում են ահաբեկիչների ներմուծել Իրան և նրանց միջոցով կազմակերպել ընդվզումներ, բախումներ։

Ավելի քան 125կմ ճանապարհ անցնելով՝ Տղմուտ գետը հատկապես գարնանը վարարում է և իր հետ տիղմ բերում։ Ավարայրի ճակատամարտի ժամանակը գարուն էր, իսկ գետը վարարած էր՝ տիղմոտ, տղմուտ։ Ես բախտ եմ ունեցել կանգնել Տղմուտի ափին ու իրանցի գործընկերների հետ զրուցել մեր նախնիների վարած պատերազմների մասին։ Հայերն ու պարսիկներն այսօր, սակայն, բարեկամ ժողովուրդներ են, քանի որ ունեն հնագույն ծագում և արժեքավոր քաղաքակրթություն։
Եթե 451-ին քաջերը քաջերի դեմ ելան, և հողը դղրդաց նրանց ոտքերի տակ, ապա 21-րդ դարում քաջերը կարող են քաջերի կողքին կանգնել ու կրկին դղրդացնել հողը՝ այս անգամ ընդհանուր թշնամու դեմ։

Մեր պատմությունը կարող ենք դարձնել գալիքի ընդհանուր ճանապարհի սկիզբ, մանավանդ որ ունենք ընդհանուր թշնամի։
Այս օրերին Իրանը նշում է 1979 թվականի մեծ հեղափոխության տարեդարձը։ Շնորհավորում եմ իրանցի բարեկամներին՝ մաղթելով հավատարմություն հայտարարած սկզբունքների մեջ և հաջողություն թուրանիզմի դեմ պայքարում։
Պարսիկները լավ և ազնիվ ժողովուրդ են, նրանց հետ հայ ազգը ավելի սերտ շփումների կարիք ունի, մանավանդ որ մեր արժեքները շատ դեպքերում նույնական են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր