Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 փետ 2023 15:02

Արդյո՞ք Հայաստանի հումանիզմին Թուրքիան համապատասխան արձագանք կտա.Թուրքիայի երկրաշարժը բացեց տարածաշրջանի միակ փակ սահմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա։ Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:


Արարատ Միրզոյանի հետ Թուրքիա է մեկնում նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։


Այսօր հայտնի դարձավ նաև, որ գիշերը Մարգարայի կամրջով Թուրքիայի սահմանը հատել են հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակով բեռնված հայկական բեռնատարները։


Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ճեղքեց ոչ միայն տարածաշրջանի ընդերքը, այլև բացեց տարածաշրջանի միակ փակ սահմանը։ Հայ -թուրքական ավելի քան 30 տարի փակ սահմանը վերջին օրերին երկրորդ անգամ է բացվում հումանիտար բեռների համար։


Ստորգետնյա ցնցումն ավերեց Թուրքիայի մի մասը, բայց կարող է կառուցել հայ-թուրքական ավերված հարաբերությունները։ Թերեևս Ժամանակը ցույց կտա թե ինչ կփոխի տարածաշրջանի հզոր երկրաշարժը։ Արդյո՞ք Հայաստանի հումանիզմին Թուրքիան համապատասխան արձագանք կտա։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, տասնյակ հայ ռազմագերիներ գտնվում են Բաքվի բանտերում։


Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը երեկ սոցկայքերում արձագանքնելով Ռուբեն Ռուբինյանի գրառմանը երախտագիտություն էր հայտնել Թուրքիային աջակցող պետություններին․


«Առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք։ Սա այն օրն է, երբ մենք բոլորս, մի կողմ դնելով մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը, որպես նույն Աստծո զավակներ որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը։ Աստված օրհնի բոլորիդ»։


Բնականաբար երկրաշարժերի և քաղաքականության վրա տարբեր գործոններ են ազդում, սակայն, մեր տարածաշրջանը ոչ միայն երկրաշարժերի, այլև փոփոխվող աշխարհակարգի էպիկենտրոն է։


Բնական աղետի էպիկենտրոնը գուցե նաև իր քաղաքական ազդեցությունն ունենա նոր ձևավորվող աշխարհակարգի էպիկենտրոնի՝ մեր տարածաշրջանի վրա։ Տարածաշրջան, որտեղ բոլոր երկրներն ունեն իրենց հավակնոտ շահերը և որտեղ բոլորը ձգտում են չմնալ փլվող աշխարհակարգի փլատակներում և իրենց տեղն ամրագրել նոր աշխարհակարգում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր