Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

16 փետ 2023 14:44

Թուրքիան փոքր-փոքր քայլեր իրականացնելով նախատեսում է դառնալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում և փորձում է ստեղծել մի նոր ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա

Փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախախար Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել էր Թուրքիա, որտեղ պաշտոնական հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարներն առանձնազրույց ունենալուց հետո հանդես են եկել ասուլիսով: Նշենք, որ այցի ընթացքում Արարատ Միրզոյանն այցելել է նաև երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ հանդիպել է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: ՀՀ արտգործնախարարի այցի և, ընդհանուր առմամբ, հայկական կողմի քայլի մասին Zarkerak.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

«Հումանիտար բնագավառը և դիվանագիտությունը ես իրարից անջատում եմ, դրանք տարբեր երևույթներ են: Հայաստանը հումանիտար օգնություն ցուցաբերեց, փրկարարների ջոկատ ուղարկեց, դա նորմալ է, որ Թուրքիայից հնչեցին շնորհակալական խոսքեր, դա էլ է նորմալ: Եթե խոսենք դիվանագիտական ոլորտի մասին, ապա ես չեմ կարծում, որ Միրզոյանի այցն ինչ-որ շրջադարձային նշանակություն կունենա, բայց ամեն դեպքում այցը կարևոր էր նրանով, որ երկու երկրների արտգործնախարարները հնարավորություն ունեցան քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են երկրների միջև»:

Խոսելով այցի արդյունքների մասին՝ թուրքագետը հատկապես կարևորեց Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության հարցը. «Որոշվել է վերանորոգել Անիի կամուրջը, ես դա գնահատում եմ որպես փոքր քայլ, որովհետև հիմնական սկզբունքային քայլը կլինի, որ երկրները հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և Թուրքիան բացի սահմանը: Մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, այլ տեղի են ունենում նման փոքր գործողություններ, սա՝ երրորդն էր (առաջինը՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացումն էր, երկրորդը՝ Մարգարայի կամրջով հումանիտար բեռի անցկացումը): Ես կարծում եմ, որ դա թուրքական մարտավարության մաս է կազմում, որ հնարավորինս հետաձգի հիմնական քայլը՝ սահմանների բացումը, և այսպիսի փոքր-փոքր քայլեր իրականացնելով՝ Հայաստանին պահի բանակցային գործընթացի մեջ: Պետք է սպասենք և տեսնենք՝ ինչ ընթացք կունենա այս ամենը»:

Անդրադառնալով Չավուշօղլուի Մետաքսի ճանապարհի վերաբերյալ հայտարարությանը՝ Սաֆրաստյանը նշեց. «Մետաքսի ճանապարհը միջազգային ծրագիր է, այն միայն Անիի կամրջով չի անցնելու, այն մի քանի ճյուղեր ունի, Անիի կամրջով անցնելը ճյուղերից մեկն է լինելու, որն իհարկե, եթե գործի, օգուտ կբերի Հայաստանին»:

Սաֆրաստյանը, այնուամենայնիվ, դժվարացավ ժամկետ նշել, թե երբ կարելի է սպասել հայ-թուրքական սահմանի բացմանը. «Ես տեսնում եմ հետևյալը, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն, որն է այդ քաղաքականության իմաստը, որ Հայաստանի վրա ճնշում գործադրի՝ սահմանը փակ պահելու միջոցով և որ Հայաստանը գնա զիջումների: Սա է Թուրքիայի քաղաքականությունը, սկզբունքային առումով սա չի փոխվել: Թուրքիային պետք է, որ Հայաստանը մնա բանակցային գործընթացում, որպեսզի նա աշխարհին ցույց տա, որ տեսեք՝ մենք ուզում ենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Այո՛, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի այն դեպքում, երբ Հայաստանն ընդունի Թուրքիայի բոլոր պահանջները, սա է խնդիրը: Շատ բան կախված է նաև հայ-ադրբեջանական բանակցություններից՝ խաղաղության պայմանագրի հետ կապված: Այս հարցերը փոխկապակցված են իրար, թե երբ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այդ կարևոր իրադարձությունը, դա հիմա մենք չենք կարող ասել: Բայց ամեն դեպքում, այո, այս տարիների ընթացքում հիմա փոքր քայլեր արվում են, ընթացք կա»:

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրի հարցին և Չավուշօղլուն նշել է, որ կարևոր է, որպեսզի երեք երկրներն անկեղծություն ցուցաբերեն այս հարցում: Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը Ռուբեն Սաֆրաստյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ես կարծում եմ, որ Թուրքիան նախատեսում է դառնալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում և փորձում է ստեղծել մի նոր ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա: Ինչու է դա Թուրքիային պետք, իմ գնահատմամբ՝ Թուրքիային դա անհրաժեշտ է, որովհետև Թուրքիան ուզում է մեր տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնել: Ռուսաստանը տարածաշրջանում ունի մեծ ազդեցություն, որը պատերազմի հետևանքով թուլացել է, նա հանդես է գալիս որպես միջնորդ, հիմա Թուրքիան էլ ձգտում է այդ ճանապարհով գնալ, միջնորդի դեր ստանձնել, որպեսզի մեր տարածաշրջանում իր հավակնությունները տեսանելի դարձնի: Եթե ընդհանրացնենք, ապա կարող ենք հետևյալ եզրակացությանը գալ, որ երեք ուժ՝ Ռուսաստանը, Արևմուտքը և Թուրքիան, փորձում են տարածաշրջանում իրենց դիրքերն ուժեղացնել. տարածաշրջանը դարձել է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի ազդեցության համար պայքարի թատերաբեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր