Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

17 փետ 2023 12:38

Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր բոլոր հայտարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ․Պնդում ենք, որ տուժող կողմը չի հավատում պաշտոնական վարկածին․ Նորիկյանն արձագանքել է ՔԿ-ին

Փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից այսօր տարածված հայտարարությանը, որը վերաբերում էր Ազատ գյուղի տարածքում գտնվող զինվորական կացարանում 15 զինվորների մահվան գործին։


Նորիկյանը, որը հանդիսանում է կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների տուժողների լիազոր ներկայացուցիչ, տարածած հաղորդագրության մեջ գրել է․


«Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով ու սիրողական մակարդակով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները, քննության առարկա դարձրեք հնարավոր բոլոր վարկածները, այդ թվում՝ Ձեր բնորոշմամբ, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններն ու ասեկոսեները։


Եթե Ձեր պնդմամբ, տուժող կողմի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, այլ ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր կողմից արված բոլոր հայտարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ, միաժամանակ՝ բխում են գործի վերաբերյալ տուժողների դիրքորոշումից և համաձայնեցված են նրանց հետ, հետևաբար՝ չեն կարող հետապնդել զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու նպատակ։


Բացի այդ, իմ կողմից հրապարակայնորեն աված պնդումների հիմքում դրված են իրավասու պաշտոնատար անձանց կողմից դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, ինչպես նաև դեպքի վայրում գտնվելու ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, որոնք այս փուլում բավարար են նման պնդումներ կատարելու համար։


Ինչ վերաբերում է տուժողների կողմից առաջ քաշված վարկածին կամ հնարավոր այլ վարկածներին, ապա վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի նման վարքագծի նկատմամբ և փորձ անի հանրությանը «Պարտադրել» հավատալու ՀՀ կառավարության նիստում հրապարակված պաշտոնական վարկածին, այլ պարտավոր է քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները։


Մեկ անգամ ևս պնդում ենք, որ տուժող կողմը չի հավատում պաշտոնական վարկածին և պահանջում է իրականացնել անկողմնակալ ու օբյեկտիվ քննություն՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Տվյալ դեպքում ինքս եմ հորդորում Ձեզ՝ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց և Ձեր նկատմամբ ավելի մեծ անվստահություն ձևավորելուց։


Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը՝ այս գործում ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։


Հաղորդագրությանըկից, Նորիկյանը նաև լուսանկար է հրապարակել հրդեհված կացարանից։


2023-02-14 14.36.16.jpg (8.33 MB)


Հիշեցնենք, քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել և անթույլատրելի համարել Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումը։


ՔԿ-ն նաև հատկանշական էր համարել այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև՝ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր