Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 դեկ 2023 15:37

Ո՞վ է հարց լուծողը, ում դիմենք, Նիկոլի՞ն...եթե քո երեխուն վառեին, դնեին դեմդ, դու կփակեի՞ր էս գործը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Սևանի» նստավայրում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժենեսակրավորական վաշտի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը, սակայն՝ պարբերական ընդմիջումներով։


Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այսօրվա նիստը բավականին լարված մթնոլորտում է անցնում։ Նիստի ընթացքում ցուցմունքներ և փաստաթղթեր են ներկայացվել։ Զոհված զինծառայողների ծնողները դժգոհել են քննության ընթացքից՝ պնդելով, որ պատշաճ քննություն չի իրականացվել։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկը հայտարարեց, թե քննիչը պատշաճ չի աշխատել, պահանջել են հեռացնել վարույթից, բայց վերջինս չի հեռացվել՝ մինչև մեղադրյալներից մեկի ցուցմունք տալը։ Նախագահողն էլ պարզաբանեց, որ քննիչի և դատախազի վերաբերյալ այդ հարցը լուծողն ինքը չէ, օրենքով ինքը չի կարող որևէ միջամտություն անել, ինչին արձագանքելով ծնողն ասաց՝ «ով է հարց լուծողը, ում դիմենք, Նիկոլի՞ն։ Հոգնել ենք արդեն։ Ձեզ ոնց ձեռք է տալիս, այդպես էլ անում եք»։ Մայրերից մեկն էլ, դիմելով մեղադրողին, ավելացրեց՝ «եթե քո երեխուն վառեին, դնեին դեմդ, դու կփակեի՞ր էս գործը։ Չասես, որ մեր կողմից ես։ Մի օր չտեսա, որ մի հատ ճիշտ բան բերեիր, դնեիր մեր առջև, որ հանգստանայինք։ Մենակ ծնողներն են ապացույցներ գտնում, մենակ ծնողները»։


Լարված իրավիճակով պայմանավորված՝ դատական նիստն ընդմիջվեց։ Ընդմիջման ժամանակ Մառլեն Սարգսյանի պաշտպան Հակոբյանը, դիմելով դատախազներին, արձանագրեց՝ մեղադրողներն ապացույցները մասնակի են ներկայացնում, ապացույցները միայն մեղադրանքը հիմնավորող են, հօգուտ պաշտպանության կողմի ապացույցները առկա չեն։ Մեղադրողն էլ պարզաբանեց՝ ներկայացնում են այն, ինչ մեղադրանքի հիմքում դրված է։ Նիստը վերսկսելուց հետո նախագահող դատավորը ևս մեկ անգամ պարզաբանեց տուժող կողմին, որ այն, ինչ կապված է քննիչի, դատախազի հետ՝ օրենքով լիազորություն վերապահված չէ դատարանին, այն հարցը, ինչ բարձրաձայնվում է տուժողների կողմից, թեև հասկանալի է, բայց ինքը չի կարող միջամտել, քանի որ գործը պետք է քննի այն շրջանակներով, որով ուղարկվել է դատարան։ Ծնողներն էլ կրկին արձագանքեցին՝ նշելով, որ պետք էր ասել այդ մասին, թող գործը գնա անտեղ, որտեղ կարող են, իր որդուն փակ հեռախոսահամարից զանգ է եկել։


Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզաբանելով ծնողների՝ իր խոսքով արդարացի վրդովմունքը, որ 15-20 օր առաջ դատախազ Արշակ Մարտիրոսյանի որոշմամբ գործի առանձնացված մասով քննություն իրականացնող քննիչը հեռացվել է վարույթից, մինչդեռ նախկինում մերժել էր, երբ դատարան ուղարկվող դրվագով քննիչը 22 հատոր նյութերին ծանոթանալու համար 2-3 օր ժամանակ էր տրամադրել եւ պաշտպանական կողմը դատախազ Մարտիրոսյանին միջնորդել էր քննիչին հեռացնել վարույթից, գործը չուղարկել դատարան, վերադարձնել նախաքննական մարմնին՝ նոր քննության ։


«Այնպես չէ, որ լավ են աշխատել։ Այն ժամանակ, երբ պետք էր քննիչին հեռացնել, կրծքով պաշտպանել եք, քննիչը չի աշխատում, այդ գործը նրա տրամաչափի գործ չէր, չէր կարելի այդ զգայուն գործը վստահել այդ քննիչն, որ հասնեինք այս օրվան, հետո էլ իբրև մեզ լավություն եք արել, ասել՝ թե հեռացրել եք քննիչին»,- նշեց Նորիկյանը՝ կարծիք հայտնելով, որ դատախազը քննիչին «լավամարդություն» է արել, իսկ հետագայում վարույթից հեռացնելուց հետո ապացուցել, որ քննությունը պատշաճ չի իրականացվել։ Դատախազ Արշակ Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով Նորիկյանի՝ «լավամարդ դուրս գալու փորձ կատարել» արտահայտությանը, նշեց, որ երբևէ որևէ մեկի նկատմամբ լավամարդ կամ վատամարդ լինելու դրսևորման որևէ շարժառիթ չի եղել, հանդիպումներ եղել է և՛ պաշտպանության կողմի, և՛ տուժողների, և՛ Նորիկյանի հետ, դատախազությունը քրեական վարույթի նկատմամբ իրականացնելու է անաչաեռ, օբյեկտիվ հսկողություն։


Մեղադրյալներից մեկն էլ բարձրաձայնեց, որ քննիչը, ում հանձնարարվել էր քննությունը, դիտավորյալ խեղել էր փաստերը, քանի որ ունի անձնական հարաբերություններ, ավելին, որպես ապացույց գործի մեջ ներգրավել էր հրամանը, որից էջեր են բացակայել, ինչով պայմանավորված՝ իրեն մեղադրանք են առաջադրել՝ նշելով, որ պատասխանատուն ինքն է եղել։ Մեղադրյալը նշեց, որ միջնորդել էին զննել հրամանը, սակայն դա չի իրականացվել և նա կասկածներ ունի, որ դա եղել է հենց մեղադրողի թողտվությամբ։ Դատախազը փորձեց պարզաբանել իրավիճակը, սակայն իրավիճակը կրկին լարվեց։ Նիստը կրկին ընդմիջվեց։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորկյանն ընդմիջումից հետո արձանագրեց, որ մեղադրող կողմը տապալել է գործի քննությունը, տուժող կողմը բազմիցս ընդգծված անվստահություն է հայտնել դատախազության նկատմամբ։


Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։




Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր