Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 փետ 2023 16:32

Տեսանյութ. Տարբեր բաներ են ասում. Մտա այն ժամանակ, երբ 5 լիտրանոց տարան ընկած էր գետնին ու բենզինը կլկլալով թափվում էր. մի ուրիշն էլ թե է՝ բաց է եղել դուռը, ես դռնով եմ դուրս եկել

Հրդեհից հետո ողջ մնացած 6 զինվորների հետ ես խոսել եմ, իրենք տարբեր բաներ են ասում. Նրանցից Լեւոնին հիվանդանոցում ես հարցնում եմ՝ ո՞նց է եղել, ասում է՝ ես մտա այն ժամանակ, երբ 5 լիտրանոց տարան ընկած էր գետնին ու բենզինը կլկլալով թափվում էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի՝ Գագիկ Բարսեյանի հորեղբայրը:


«Եթե բենզինը թափվում է, կրակը կհասնի տարային ու կտրաքի, դու ի՞նչ ես ասում: հարցնում եմ՝ դու ի՞նչ արեցիր, ասում է՝ կուրտկես հանեցի սկսեցի կրակը հանգցնել: Ասում է՝ կանչեցի մյուսներին, չարձագանքեցին: Ասում է՝ կրակը հասել էր դռանը, որտեղ զինվորներն են քնած եղել: Ասում եմ՝ ինչու դուռը չբացեցիր, ասում է՝ մտածեցի, որ բացի, կրակը ներս կգնար:




Մեկն ասում է՝ դուռը փակ է եղել, ես լուսամուտից եմ դուրս եկել, մի ուրիշ զինվոր էլ ասում է՝ բաց է եղել, ես դռնով եմ դուրս եկել: Մենք փորձեցինք, այդ ճաղավանդակից հնարավոր չէր դուրս գալ: Ո՞նց հնարավոր է այդտեղից դուրս գալ ու չվառվել»,-ասաց նա:


«Լեւոնը պատմում է, որ տեսել է, որ կապիտանմը վառվելով դուրս է վազում, ասում է՝ ես մտա, որ օգնեմ, տեսա բենզինը թափվում է: Ասում եմ՝ ինչո՞ւ չօգնեցիր զինվորներին, ասում է՝ դուռը վառվում էր, չկարողացա ներս մտնեմ: Ինքը ննջարան չի հասել: Ես հարցնում եմ՝ բա էն երկուսը, որ գնացել էին ջրի, իրենք ի՞նչ էին անում: Ասում է՝ ես վառվում էի,  ընկա ձների մեջ, տեսա իրենք վեդրոներով ջուր են կրում, գալիս, գնում էին: Հանգիստ գնացել, եկել են, մինչեւ վառվի: Էդ երկու հոգին ոչ մի բանի չեն մասնակցել»,-ասաց նա:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:


Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։


Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։


Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:


Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր