ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ այս ընտրություններում Թուրքիայում արյունալի ջարդ է կազմակերպելու
ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայում ընտրությունների ժամանակ «արյունալի ջարդ» կազմակերպել, Վաշինգտոնն Անկարային դիտարկում է որպես զինվոր, կարծում է թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը:
«Որոշ ժամանակ առաջ «Foreign Policy» ամսագիրը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կիսապաշտոնական մարմինը, լույս տեսավ «Այս ընտրությունների ժամանակ Թուրքիայում արյունալի ջարդ է լինելու» վերնագրով։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ այս ընտրություններում Թուրքիայում արյունալի ջարդ է կազմակերպելու։ Այնուհետեւ Գերմանիայի ամենաընթերցվող ամսագրերից մեկում՝ Stern-ում, մեր նախագահ Էրդողանին մեղադրեցին «հրկիզող» լինելու մեջ։«Թուրքիայում հրդեհ է բռնկվելու, եւ հենց Թուրքիայի նախագահն է այն հրկիզելու»,-գրել էր ամսագիրը։
«Սցենարն ակնհայտ է, ծրագիրն ակնհայտ է, դավադրությունն ակնհայտ է»,-Փերինչեքի խոսքը մեջբերում է Aydınlık թերթը։
Քաղաքական գործչի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ հասկանալ «իրադարձությունների ընթացքն այս առումով»։ «Եվ որպես ազգ, որպես ամբողջություն, մենք պետք է ընդհանուր դիրքորոշում որդեգրենք ԱՄՆ-ի վրա կենտրոնացած այդ դավադրությունների դեմ»։
Թուրքիայում համընդհանուր (նախագահական եւ խորհրդարանական) ընտրությունները, ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի կունենան մայիսի 14-ին: Սպասվում է, որ նախագահն այդ մասին հրամանագիրը կստորագրի մարտի 10-ին։