Գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ, ո՞վ է այդ հարցի պատասխանը տալու.այդքան էլ ճիշտ իրավիճակ չէ, որ պաշտոնական Ստեփանակերտի փոխարեն Երևանը բանակցի Ադրբեջանի հետ
Իրավունքների և անվտանգության հարցերը մեկ ամսվա ընթացքում դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կողմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու քննարկումների, հանդիպումների։
«Խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում. այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա՝ գնացին Բաքու հետ կգա՞ն, թե՞ չէ։ Այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու, այսինքն՝ դա քմահաճույք չէ, մեր խնդիրն է, որ պետք է տեղի ունենա և խոսողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ այդքան էլ ճիշտ իրավիճակ չէ, որ պաշտոնական Ստեփանակերտի փոխարեն Երևանը բանակցի Ադրբեջանի հետ։ Բացի այդ՝ այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտը Հայաստանն է, ԼՂ-ից անընդհատ կասկածներ են հնչում, թե այդ ի՞նչ դավադրություն է իրենց դեմ հյուսվում։
«Մենք առաջարկում ենք ԼՂ ժողովրդի ներկայացուցիչներին, որ իրենք պետք է խոսեն, որպեսզի այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և նաև իրենց ակնկալիքների բավարարման և ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություններ ստանան։ Մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհն է։ Այլ բան է, որ դա պետք է լինի էֆեկտիվ խոսակցություն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։