Հայաստանը վարում է կեղծավոր քաղաքականություն.Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում իր տարածքում ապրող հայ բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ի՝ մարտի 16-ին հրապարակած հայտարարությանը։
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ, և որպես բարեգործական ժեստ, քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումը անցկացնել Բաքվում, հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» երկխոսության առաջարկը։ Սա ցուցիչ է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և վարում է կեղծավոր քաղաքականություն»,- ասել է խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ից երեկ ընդգծել են հետևյալը․ «Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։