Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

22 մար 2023 23:01

Տեսանյութ.Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա

Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:

Նախքան լաբորատորիա հանձնելը, թթվասերները տարվել են Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։

Ջերմային ռեժիմը չխախտելու համար թթվասերները հենց գնման նույն օրը լաբորատորիա ենք տեղափոխել հատուկ սառնարանով։

Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։

Այսպիսով՝

Փորձաքննված 10 նմուշից 4-ը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Չանախ», «Արզնի կաթ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքատեսակները։

Նմուշներից 3-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. դրանք են՝ «Չանախ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքանիշերի թթվասերները։

Նմուշներից մեկում՝ «Արզնի Կաթ» թթվասերի մեջ, հայտնաբերվել է խմորասնկերի` թույլատրելիից 7 անգամ բարձր քանակ՝ 350 ԳԱՄ/գ։

Նմուշներից 5-ն ունեն մակնշման խախտումներ. դրանք են՝ «Marila», «Ani», «Bonilat» և «Yeremyan products» թթվասերները. ապրանքների անվանումն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

«Չանախ» ընկերության ինչպես թթվասերում, այնպես էլ կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

«Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման, իսկ փորձաքննված կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բիոկաթ» ընկերության թթվասերում, ինչպես նաև՝ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռում հայտնաբերվել էին նաև մեծ քանակությամբ (այնքան շատ, որ այլևս չեն հաշվում) բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բոնիլատ» (Bonilat) ընկերության թե՛ թթվասերում, թե՛ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էին նաև մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։
Նմուշ № 1
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը (01.03.2023-12.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «սերուցք նորմալացված, կաթնաթթվային մանրէներից պատրաստված մակարդ»։ 

Թթվասերի յուղայնությունը՝ 18%։ Այն ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիաննա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։
Նմուշ № 2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության «Tamara» թթվասերը (27.02.2023-09.03.23՝ արտադրության)։

Ինչպես նշված է թթվասերի մակնշման մեջ, բաղադրությունը՝ «անարատ կաթ», պարունակում է «սերուցք նորմալացված, քաղցրասերուցքային կարագ, չոր յուղազերծ կաթ, թթվասերի մակարդ (կաթնաթթվային ստրեպտոկոկեր)»։

Թթվասերի յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC, ISO 9001-ՄՍ նշան։

«Tamara» թթվասերում կա մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Թամարա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։
Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս տարվա փետրվարին փորձաքննության էր ներկայացրել «Թամարա» թթվասերը և պարզել, որ այն պարունակում է նորմայից ավելի խմորասնկեր։ ՍԱՏՄ-ն որոշել էր կասեցնել ընկերության արտադրական առանձին գործառույթը։
Նմուշ № 3
Երրորդ համարի տակ փորձաքննվել է «Արբան» ՍՊԸ-ի «Աշտարակ կաթ» թթվասերը (01.03.2023-10.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթի սերուցք, չոր յուղազերծ կաթ, բակտերիալ մերան»։ Ըստ մակնշման՝ թթվասերն առանց կոնսերվատների և հակաբիոտիկների է։

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC, ISO 22000 նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ այս թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին։

Միևնույն ժամանակ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) այս տարվա սկզբին վարույթ է հարուցել «Արբան» ընկերության նկատմամբ, քանի որ «թթվասեր» մակնշմամբ ապրանքի մեջ հայտնաբերվել է բուսական յուղ, ինչը թթվասերի արտադրության մեջ չի թույլատրվում։
Նմուշ № 4
Չորրորդ համարի տակ փորձաքննվել է «Չանախ» ընկերության թթվասերը (02.03.2023-09.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը՝ «կաթի սերուցք նորմալացված, պաստերացված, բակտերիալ մերան»։ 

Յուղայնությունը՝ 18 %։

Մակնշման մեջ նշված է, որ այն պատրաստված է բնական կաթից և առանց կոնսերվանտների է։ Ունի EAC նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ» թթվասերում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այսպիսով, «Չանախի» թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նշենք, որ վերջերս «Հետք»-ի իրականացրած կաթնաշոռի փորձաքննության ժամանակ «Չանախ» ընկերության կաթնաշոռի մեջ նույնպես աղիքային ցուպիկի խմբի մանրէներ էին հայտնաբերվել։

2020թ. իրականացված վերահսկողության ժամանակ ՍԱՏՄ-ն նույնպես աղիքային ցուպիկի խմբի մանրէներ էր հայտնաբերել «Չանախ» կաթնամթերքի գործարանում և ժամանակավորապես կասեցրել էր թթվասերի և կաթնաշոռի արտադրությունը։
Նմուշ № 5
Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մարիլա» ընկերության «Marila» թթվասերը (01.03.2023-06.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը կազմված է նորմալացված կաթի սերուցքից և բակտերիալ մերանից։

Մակշմամբ՝ այն 100% բնական է, չի պարունակում հակաբիոտիկներ և հավելումներ։ 

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC նշան։

«Մարիլա» թթվասերում կա մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Մարիլա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին։
Նմուշ № 6

Վեցերորդ համարի տակ փորձաքննվել է «Արզնի կաթնամթերք» ընկերության «Արզնի կաթ» («Սերով») թթվասերը (02.03.2023-11.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը` «կաթի սերուցք նորմալացված, պաստերացված, բակտերիալ մերան»։

Յուղայնությունը՝ 20%։ Ունի EAC նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման՝ 350 ԳԱՄ/գ է, ինչը նորմերի խախտում է։

Այսպիսով, «Արզնի կաթ» թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նշենք, որ «Հետք»-ը վերջերս փորձաքննության էր ներկայացրել նաև ընկերության արտադրած կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. դրա մեջ հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ այս տարվա սկզբին վարույթ էր հարուցել «Արզնի կաթնամթերք» ընկերության նկատմամբ, քանի որ «թթվասեր» մակնշված ապրանքում հայտնաբերվել էր բուսական յուղ, որի կիրառումը թթվասերում չի թույլատրվում։ Իսկ փետրվարին ՄՊՀ-ն «բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և հասարակությանը մոլորեցնելու համար» տուգանել է «Արզնի կաթնամթերք» ընկերությանը։
Նմուշ № 7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ընկերության «ANI» թթվասերը (25.02.2023-08.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը` «կովի կաթի սերուցք, կովի անարատ կաթ, չոր յուղազրկված կաթ, կարագ սերուցքային, թթվասերի մակարդ (թերմոֆիլ կաթնաթթվային ստրեպտոկոկերի և լակտոկոկերի խառնուրդ)»։ 

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC նշան։

«Անի» թթվասերն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ (ANI) պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Անի» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։
Նմուշ № 8

Ութերորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության թթվասերը (01.03.2023-06.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը` «կովի անարատ կաթի սեր, թթվասերի մակարդ (մեզոֆիլ, կաթնաթթվային կուլտուրա)»։

Ըստ մակնշման՝ այն 100% բնական է և կոնսերվանտներ չի պարունակում։

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC, ISO 22000։2005 նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Բիոկաթ» ընկերության թթվասերի մեջ կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այսպիսով, «Բիոկաթ» թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նշենք, որ վերջերս փորձաքննության էինք ներկայացրել նաև ընկերության արտադրած կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռում առկա էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Իսկ դեռևս 2021թ․ ամռանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը հետ էր կանչել իրացման ցանցից և մատակարարման վայրերից, քանի որ այնտեղ նույնպես հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, բորբոսասնկերի բարձր քանակ, ինչպես նաև՝ ՄԱՖԱՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ։
Նմուշ № 9

Իններորդ համարի տակ փորձաքննվել է «Բոնիլաթ» ընկերության «Bonilat» թթվասերը (27.02.2023-08.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը կազմված է «նորմալացված, պաստերացված կաթի սերից և բակտերիալ մերանից»։

Ըստ մակնշման՝ այն 100% բնական է, պատրաստված է անարատ սերից, առանց ԳՁՕ (հավելում)։

Յուղայնությունը՝ 17%, ունի EAC նշան։

«Բոնիլատ» թթվասերն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անվանումը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Բոնիլատ» ընկերության թթվասերը պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այսպիսով, այս թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

«Հետք»-ի վերջերս արված փորձաքննության համաձայն՝ «Բոնիլատ» ընկերության կաթնաշոռը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռի մեջ դարձյալ հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։ 
Նմուշ № 10

Տասներորդ համարի տակ փորձաքննվել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Yeremyan products» («Երեմյան փրոդաքթս») թթվասերը (01.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը` «նորմալացված կաթի սերուցք, բակտերիալ մերան»։ 

Յուղայնությունը՝ 25%։ Ունի EAC նշան։

Այս թթվասերն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ «Yeremyan products»՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Yeremyan products» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր