Պուտինին կձերբակալեն, եթե նա ոտք դնի Գերմանիա. դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև
![](https://gdb.rferl.org/CA3AB79A-6883-43C5-91B9-1663CA98A3C6_w1080_h608_s.jpg)
Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը վերջերս հայտարարել էր, որ Պուտինին կձերբակալեն, եթե նա ոտք դնի Գերմանիա։ Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել էր Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ ՌԴ նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու մասին՝ նշելով, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»։
«Որոշ ապուշներ, Գերմանիայի արդարադատության նախարարի նման հիմարներ ասում են. «Դե, եթե նա գա, մենք նրան կձերբակալենք»: Նա կարծես թե փաստաբան է, հասկանու՞մ է, թե դա ինչ է նշանակում», - ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի «ձերբակալման» հետ կապված իրավիճակը երբեք չի իրականանա։
«Այնուամենայնիվ, եկեք պատկերացնենք, որ դա իրականացավ։ Միջուկային պետության ներկայիս ղեկավարը ժամանել է, ասենք, Գերմանիայի տարածք և ձերբակալվել։ Ի՞նչ է սա. պատերազմի հայտարարում Ռուսաստանի Դաշնությանը», - շարունակել է Մեդվեդևը:
Նա զգուշացրել է, որ այս դեպքում Ռուսաստանի Դաշնության բոլոր միջոցները «կթռնեն դեպի Բունդեսթագ», «դեպի Գերմանիայի կանցլերի գրասենյակ» և այլն։
«Նա հասկանու՞մ է, որ սա կազուս բելի է, որ սա պատերազմի հայտարարում է, թե՞ վատ է սովորել» եզրափակել է Մեդվեդևը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ ՌԴ-ն ՄՔԴ-ի ցանկացած փաստաթուղթ անօրինական և անվավեր է համարում։ Նրա խոսքով՝ այս դատարանը գնում է ինքնալուծարման: