Ես պետությանը էլ տալու բան չունեմ,ինչ պետք էր տվել եմ.Վաչագան Ղազարյանը՝ իր մոտ հայտնաբերված միլիարդների մասին

Հարցին՝ ասում են երկար ժամանակ է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի շփվում, որպեսզի կարողանա իր գույքը պահել, Վաչագան Ղազարյանը պատասխանեց. «Լավ էլ շփվում եմ, ինչ ասում են՝ սուտ են ասում»: Նա նշեց, որ չի եղել այնպես, որ իրեն պատկանող «Յանսի» հարկերը չվճարի, իսկ 3 մլրդ վերականգնելը, որի մասին հայտարարել է դատախազությունը, իր խոսքով, «Յանսի» հետ կապ չունի, եւ այլ գործի է առնչվում. « Անօրինական բան չեմ արել, մի գեղեցիկ օր կասեմ, թե ինչի ենք դա վերականգնել, այսօր այդ օրը չի: Ամեն ինչ իր ժամանակն ունի…Իսկ Դավիթ Գալստյանին չկապեք էդ փողերին»:
Լրագրողի հարցին՝ Ձեր տունը պատրաստվում եք տալ պետությանը, նա նշել է. «Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է։ Ես տալու բան չունեմ»։
Վաչագան Ղազարյանը նաեւ լրագրողներին ասաց. «Բա որ դատարանը 1 մլրդ գրավ էր կիրառում, մեկ օրում բերել մուծել եմ, ո՞վ էր մուծել: Բերել մուծել է այն մարդը, որը Մոսկվայից ուղարկել է»: Ասաց նաեւ, որ Տերյան փողոցում գտնվող իր տունը գրավ է դրել եւ գումար է վերցրել: Նա լրագրողներից մեկին էլ ասաց, որ իրեն չհարցաքննի, որովհետեւ դատավոր եւ դատախազ չէ: Ապա հավելեց, որ իր շրջապատի շնորհիվ է միջոցներ եւ գույք ստեղծել. «Բանկում դրված ավանդը չի կարող պետությունից թաքցված համարվել, մնացածը դատախազությունից հարցրեք»: