Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք          Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ       Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ    

01 ապր 2023 10:17

Քայլ առ քայլ տեղավորվում են, Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու. «Փաստ»

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանը Ադրբեջանի հերթական առաջխաղացումը Հայաստանի իշխանությունների անգործության ու անլուրջ վերաբերմունքի հետևանքն է համարում:


«ԱԱԾ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը 5 կետում 100-300 մետր առաջ է եկել, հետո հայտարարում է, որ, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, Ադրբեջանը սկսել է դիրքերում առաջխաղացում ապահովել ու ինժեներական աշխատանքներ իրականացնել: Փաստացի ստացվում է, ՀՀ ԱԱԾ-ն, որի գործառույթը բոլոր հնարավոր սցենարները կանխատեսելն է, նաև կանխելը, այդ տարբերակը, մեղմ ասած, հաշվի չի առել: Վստահե՞լ են ադրբեջանական կողմին, թե՞ այլ հանգամանքներ կան, ամեն դեպքում, ստացվում է, որ իրավիճակը չեն կանխատեսել ու համապատասխան քայլեր չեն կատարել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Վանգասարյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն անգամ գրավոր պայմանավորվածությունները հաշվի չի առնում:


«Մենք կարող էինք ավելի լավ վիճակում գտնվել, բայց անգործության, անլուրջ վերաբերմունքի, միամտության կամ այլ պատճառներով ունենք այն, ինչ ունենք»,-հավելեց նա: 


Ադրբեջանական զինված ուժերի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում փակելու և երթուղու փոփոխման մասին խոսելով՝ Փաշինյանը հայտարարեց նաև, որ ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները փոխարինվելու են սահմանապահ զորքերով: Անդրադառնալով նշվածին՝ Վ. Մանգասարյանը նշեց, որ սահմանապահ ստորաբաժանումներն ամբողջ աշխարհում բանակային ստորաբաժանումներից մի քանի անգամ թույլ ստորաբաժանումներ են թե՛ իրենց ֆունկցիոնալ, թե՛ կահավորանքի, թե՛ մարտունակության, թե՛ ռազմական տեխնիկայի և սպառազինության տեսանկյունից:


«Հիմա եթե մենք այդ հատվածից հանում ենք բանակային ստորաբաժանումներն ու տեղակայում սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, ստացվում է՝ այդ ուղղությամբ մեր կարողությունները թուլացնում ենք: Մինչդեռ Ադրբեջանն այդ հատվածում իր բանակային ստորաբաժանումներն է տեղակայում: Ստացվում է՝ նրանք ուժեղացնում են իրենց այդ հատվածը, մենք՝ թուլացնում: Համարժեքության տեսանկյունից որևէ տրամաբանություն այստեղ չկա: Եթե չեմ սխալվում, 2018-ի դեկտեմբերին Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ իր ամբողջ բանակային կորպուսը հանեց ու այն, որպես ռեզերվային կորպուս, տեղափոխեց Արցախ: Տավուշի ուղղությամբ տեղակայեց սահմանապահ զորքերը:


Այսինքն, Ադրբեջանը դեռ 2018-ից հաշվի էր առնում այն կանխավարկածը, ըստ որի՝ այդ ուղղությամբ իրեն ավելի մեծ վտանգներ չեն սպառնում: Իսկ մենք արդյո՞ք վստահ ենք, որ այս դեպքում Սյունիքի ուղղությամբ մեզ վտանգ չի սպառնում, ու բանակային ստորաբաժանումները կարող ենք փոխարինել սահմանապահ զորքերով: Պարզ է, որ մենք չունենք այդ հաշվարկը: Ադրբեջանի թե՛ քաղաքական հայտարարությունները, թե՛ կատարած գործողությունները մեզ օր օրի հուշում են, որ նրանք առնվազն միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով այդ ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունների նպատակ ունեն»,նշեց մեր զրուցակիցը:


Անդրադառնալով թե՛ վերջին օրերի, թե՛ նախորդող առաջխաղացումներին, սադրանքներին նաև Արցախի ուղղությամբ, Վ. Մանգասարյանը նշեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը կարողանում է մարսել փոքր, լոկալ քայլերն ու առաջխաղացումները, և գնալով ախորժակն էլ ավելի է բացվում: «Հիշենք Փառուխի դեպքերը, դրանից առաջ Խծաբերդի հետ կապված միջադեպերը, դրանից հետո ՀՀ-ի դեմ կատարված սադրանքները, որոնց հետևանքով որոշակի բարենպաստ դիրքեր զբաղեցրին: Այսինքն, կամաց-կամաց փորձում են այդ օղակը սեղմել, հնարավորինս վերահսկելի դարձնել ռազմավարական ենթակառուցվածքները, մեր ճանապարհները, մեր թիկունքային ապահովման հետ կապված հարցերը:


Քայլ առ քայլ տեղավորվում են՝ փորձելով պատրաստվել հաջորդ նմանօրինակ քայլին: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու և քայլ առ քայլ փորձելու է իր առջև դրված խնդիրը լուծել, այսինքն՝ ռազմի դաշտում օղակը սեղմելուց ու մեզ ավելի վերահսկելի դարձնելուց հետո այդ ամենն օգտագործել նաև դիվանագիտական ճակատում՝ փորձելով հանդես գալ թելադրողի դիրքերից: Վերջնարդյունքում ավելի մեծ խնդրի լուծում են ուզում ստանալ. առաջինն Արցախը հայաթափելն է, ընդհանուր վերահսկողություն սահմանելն Արցախից մնացած մեր հատվածում, հետո վերջնականապես կազմաքանդել ՊԲ-ն, ՀՀ-ի նկատմամբ տարբեր ռազմավարական բարձունքներ զբաղեցնել ու փորձել այս ամենը վերահսկելի դարձնել:


Այս խնդիրները լուծելուց հետո իրենց վերջնական նպատակին են ուզում հասնել՝ Ադրբեջանի կողմից տարբեր առիթներով հայտարարվող «Զանգեզուրի միջանցքին»: Մեծ հաշվով, հռետորաբանությանը հետևելով՝ կարող ենք ասել, որ իրենց վերջնանպատակը մեր տարածաշրջանից հայերին դուրս շպրտելն է, Հայաստանի պետականության վրա խաչ քաշելը»,-շեշտեց Վ. Մանգասարյանը:


Նրա խոսքով, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել 44-օրյա պատերազմից հետո, մենք, այդուհանդերձ, որոշակի պոտենցիալ ունենք, որն արդյունավետ օգտագործելու պարագայում էլ ավելի բարենպաստ իրավիճակում կարող ենք հայտնվել: «Իշխանությունների կողմից առաջ տարվող այն թեզերը, թե՝ «թույլ ենք», «չենք կարողանալու թուրք-ադրբեջանական այս տանդեմի դեմ պայքարել» և այլն, պարզապես վնասում են մեր պետությանը»,-եզրափակեց Վ. Մանգասարյանը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր