Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա

-Եթե հոգեբանական տեսանկյունից մոտենանք հարցին՝ ի՞նչ է երջանկությունը:
-Դժվար է սահմանել երջանկությունը, այն խիստ անհատական է: Ըստ որոշ գիտնականների՝ երջանկության ֆենոմենը հիմնվում է առաջին հերթին դրական հույզերի, բարձր տրամադրության, ուրախության և բավարարվածության զգացումի վրա: Որախությունը՝ հուզական, իսկ բավարարվածությունը իմացական մասնիկն է երջանկության:
Երջանկությունը պայմանավորող գործոնների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասել, որ երջանկության հոմանիշը հոգեբանական բարեկեցությունն է:
-Ինչը՞ կարող է մարդուն երջանիկ դարձնել:
-Յուրաքանչյուրն ունի երջանկության իր բանաձևը, կամ երջանիկ է լինում յուրովի։ Եթե հիմնվենք հումանիստական հոգեբանության վրա, ապա ինքնաճանաչումը մարդուն տալիս է անձնային աճի հնարավորություն, ինքնակատարելագործում, ինքնաակտուալիզացիա, որն անհրաժեշտ է կյանքի իմաստը գիտակցելու և երջանկության համար:
-Արդյո՞ք երջանկությունը կախված է այն բանից. «թե ով ես դու և ինչ ունես»:
-Երջանիկ կարող է լինել նա, ով գիտի ինչպես ամեն ինչից երջանիկ լինել։ Հետևաբար բոլորն էլ կարող են երջանիկ լինել։
-Մարդու մտքերն ի՞նչ ազդեցություն ունեն նրա ապրած կյանքի ընթացքի վրա:
-Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա, այդ է պատճառը, որ հոգեբանական տեսանկյունից խրախուսվում է լավատեսական աշխարհայացքը, դրական մտածողությունը։ Ինչպես ենք մտածում ինքներս մեր մասին, այլ մարդկանց մասին, կյանքի մասին ավելի մեծ ազդեցություն է ունենում մեր երջանկության զգացողության վրա, քան օբյեկտիվ հանգամանքները։
-Մարդն է որոշում իր ճակատագիրը, թե՞ ճակատագիրն է ուղեկցում մարդուն:
-Պոզիտիվ հոգեբանության տեսանկյունից, երջանկությունը չի համարվում «գեների արդյունք» կամ «ճակատագրի արդյունք», մարդը կարող է ապրել երջանիկ՝ օգտագործելով իրեն բնորոշ դրական որակները: Հասկանալով և ադեկվատ օգտագործելով այդ որակները, կարող է կյանքից բավարարվածություն զգալ, իրագործել իր հնարավորությունները, ավելին անել մասնագիտական գործունեության մեջ, հասարակության համար: Նման որակների դուրս բերումը անհրաժեշտ ռեսուրս է բացասական հոգեկան վիճակները հաղթահարելու համար։
-Հաճախ մարդիկ սկսում են որոնել երջանկությունը…
-Ու․ Ջեյմսի խոսքերով՝ «Ինչպես հասնել, պահպանել և հետ բերել երջանկությունը` մարդկանց մեծամասնության գաղտնի մոտիվն է այն ամենի, ինչ նրանք անում են»։
-Կնշեք երջանկության մի քանի բաղադրիչ:
-Պայմանականորեն կարելի է առանձնացնել երջանիկ մարդկանց բնորոշ հետևյալ բաղադրիչները՝ ապրել «այստեղ և հիմա», լինել լավատես, ունենալ օգնելու պատրաստակամություն, շնորհակալ լինել, գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը, սիրել ու լինել սիրված, ունենալ նպատակ։
Hayacq.com