Եթե խելքը գլխին թշնամի լինի, հետախուզության վրա մի լումա չի ծախսի, կնստի ու կհետևի մեր սոցցանցերին

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով առաջնագծի մասին սոցցանցերում հայտնվող տեսանյութերին, լուսանկարներին, հրապարակումներին:
Իր գրառումներում ռազմական փորձագետը նաև շեշտում է.
«Հիմա էլ նոր բան․․․ Հերիք չէ շարասյունները նկարում և հանրայնացնում են, մի հատ էլ քննարկում են տեխնիկական վիճակները․․․
Այդքան սրտացավ եք, եկեք կպնենք գործի ու շտկենք տեխնիկական թերությունները։
Ու դուք մտածում եք էս խելքով մենք կարա՞նք խաբկանք ստեղծենք թշնամուհամար ։ Առանց փակագծեր բացելու ասեմ, որ այդ նկարողներն ու քննարկողները չեն պատկերացնում , թե ինչ ահռելի չափի վնաս են տալիս մեզ կանխարգելիչ գործողությունների համատեքստում:
Անտարբերությունը մեր ամենամեծ թշնամին է, բայց ոչ պակաս թշնամի է նաև խուճապը։
Մենք պատերազմող երկիր ենք արդեն շատ երկար տարի, սակայն այդպես էլ չենք կարողանում սովորել, թե մեզ ինչպես պետք է պահենք սրացումների ժամանկ։
Մի կողմից զինտեխնիկայի շարժն են նկարում, մյուս կողմից դիրքերից են ուղիղ եթեր մտնում, էն մյուս կողմից ծնողներն են էս կողմ էն կողմ զանգում ու քիչ է մնում , որ կորդինատներով խոսեն․․․
Մի խոսքով, եթե խելքը գլխին թշնամի լինի, հետախուզության վրա մի լումա չի ծախսի, կնստի ու կհետևի մեր սոցցանցերին, մեդիադաշտին․․․
Փորձը ցույց է տալիս, որ դասերով, սեմինարներով արդյունքի չենք հասնում, ուրեմն պետք է պատիժ կիրառել»: