Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»          Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»       Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»    

02 հուն 2023 15:43

Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։


«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝ հիմնված մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և հարգանքի վրա, ուստի խորապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար՝ շարունակելու ուժի կիրառման և հայերի էթնիկ զտումների քաղաքականության հետագա գործողությունները։ Համարժեք արձագանքի բացակայությունը հիմք է դառնում վեճերի լուծման՝ ուժի կիրառման միջոցով պրակտիկայի նորմալացման համար, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին:


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային իրավական կարգի էությունը վեճերի լուծման ընթացքում ուժի կիրառման բացառելն է: Մեր տարածաշրջանում առկա իրավիճակի և ներկայիս կարգի, ներառյալ մարդու իրավունքների համակարգը խաթարող լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, կարևորագույն առաջնահերություն և պատասխանատվություն է կանխել բռնապետական ռեժիմների կողմից շարունակվող ճգնաժամից օգուտներ քաղելը և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ուժի կիրառման արդյունքում իրենց նպատակներին հասնելը:


Լռությունը, առավել ևս ողջունող հայտարարությունները, որոնք չեն մեկնաբանվում նախագահ Ալիևի ելույթի մնացած հատվածի և նախկինում նրա ռասիստական ելույթների համատեքստում, հաստատում են «նոր նորմալը»՝ ուժի կիրառումը միջազգային միջնորդությամբ բանակցությունների փոխարեն: Հակամարտության կարգավորման համար անկեղծ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ նման հայտարարությունները քաջալերում են Ադրբեջանին շարունակել ուժի կիրառումը իր նպատակներին հասնելու համար և թույլ են տալիս Ադրբեջանի նախագահին պարծենալ միջազգային գործընկերների կողմից իր վարքագծի աջակցությամբ և հավանությամբ։


Սա է նախագահ Ալիևի ելույթում «համաներման» առաջարկի համատեքստը.


«Մենք պարզապես համբերություն ենք ցուցաբերում։ Սակայն բոլորը հիանալի գիտեն, որ մենք այսօր ունենք բոլոր հնարավորությունները այդ տարածաշրջանում ցանկացած օպերացիա իրականացնելու։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները հրաժարվեն իրենց պաշտոններից։ Միայն այդ դեպքում կարելի է ընդառաջել նրանց։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել համաներման մասին»։ «Կա՛մ վիզը կծռեն ու իրենք կգան, կամ ամեն ինչ այլ կերպ կզարգանա այսուհետ։ Ուստի նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե կամավոր վայր կողմ դնեն իրենց բոլոր կեղծ պարտականությունները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Մենք կհետևենք դրան: Խոսքս


վերջնական է, և դա բոլորին է հայտնի և՛ Ադրբեջանում, և՛ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Մեր ոչ մի բառ, ինչպես ասում են, օդում չի մնացել ու չի էլ մնա ապագայում... Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, մի շարք հնարավորություններ, ու ամեն անգամ, ինչպես ասում են, ստիպված ենք եղել՝ գլխներին տալ՝ խելքի բերելու համար»։


Նա նաև անդրադարձել է Հայաստանին. «Նրանք [հայերը] պետք է ընդունեն մեր պայմանները։ Եթե սահմանազատում չեն ուզում, սահմանազատում չի լինի։ Սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ենք ասում. նրանց ոչ ոք չի օգնի, ոչ թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանները, ոչ մեկ ուրիշը։ Նրանք չպետք է մոռանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը»:


Նախագահ Ալիևն իր մոտեցումը բացատրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին. «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կոչեր կարող են լինել, ինչ-որ հայտարարություններ լինել, բայց դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ։ Մենք այս կոչերին պատասխանում ենք պարզապես քաղաքական քաղաքավարությունից դրդված։ Բայց սա մեր դիրքորոշումն ամենևին էլ չի փոխի»։


Պետքարտուղարության կողմից ողջունված «համաներման» քննարկման վերաբերյալ նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա ոտնահարման ևս մեկ ակնհայտ սպառնալիք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության, այլև ամբողջ բնակչության նկատմամբ։ Ավելին, առաջիկա շաբաթներին ուժի կիրառման սպառնալիքները տարածվել են Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված սոցիալական ցանցերի ալիքներով:


Գնահատելով հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ ակնհայտ է, որ մինչև այժմ գործադրված ջանքերը հետ չեն պահել Ադրբեջանին իր ագրեսիվ քայլերից, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը վերացնելուն։ Էթնիկ զտումների ամենօրյա սպառնալիքը նվազեցնում է Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ապարդյուն կլինեն, եթե Լեռնային Ղարաբաղը հայաթափվի իր բնիկ ժողովրդից՝ հայերից:


Չնայած ընթացող խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը գնալով ավելի ռազմատենչ է դառնում և լրջորեն խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ և հանգեցնում է կանոնավոր ռազմական սրացման՝ զոհերով։ Երկու կողմերից առնվազն 40 մարդ սպանվել և վիրավորվել է 2023 թվականի մարտից ի վեր։ Միայն խաղաղության համաձայնագիր կնքելը հանուն միայն խաղաղության համաձայնագիր ունենալու ինքնին վերջնական նպատակ չպետք է լինի: Խաղաղությունը կլինի տեւական և կայուն, եթե այն հիմնված լինի ուժի չկիրառման, մարդու իրավունքների իրական հարգանքի և արդարության ապահովման արդյունավետ երաշխիքների վրա։


Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ սահմանված երաշխիքները ներկայումս ձախողված են։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու, հումանիտար հարցերը լուծելու, հրադադարի պահպանման և տրանսպորտային բաց հաղորդակցությունների մասին


պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից չեն պահպանվել։ Փոխարենը, մենք ականատես եղանք ուժերի աճող անհամաչափության, Ադրբեջանի կողմից աճող ատելության և ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներից և հիմնարար ազատություններից զրկելուն։ Հենց այս համատեքստում են արվում «համաներման մասին նկատառումները»։


Այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության տարրական իրավունքները, երբ նրանց պատանդ են վերցրել, համաներման հարցը չէ, որ պետք է քննարկվի։


Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրահեղ վատ իրավիճակի և ՄԱԿ-ի և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հայերի նկատմամբ ատելություն հրահրելու մեծաթիվ արձանագրությունների պայմաններում մենք լրջորեն մտահոգված ենք մարդու, հատկապես հայերի իրավունքները հարգելու այդ երկրի կարողությունների և իրական կամքի համար: Պատերազմ հրահրող բռնապետական Ադրբեջանի քաջալերումը կհանգեցնի հետագա արյունահեղության և հաստատապես չի հանգեցնի տարածաշրջանում արժանապատիվ և կայուն խաղաղությունը։


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա դիվանագիտական և քաղաքական լուծում՝ բնիկ հայ բնակչության անվտանգության ամուր երաշխիքներով, գործուն մեխանիզմներով՝ ապահովելու նրանց խաղաղ կյանքն իրենց տներում և իրացնելու իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:


Այս առումով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը.


- Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար,


- Ակտիվացնել ջանքերը՝ ուղղված մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձումը,


- Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ.


- Աջակցել Լեռնային Ղարաբաղի ներսում միջազգային խաղաղապահ առաքելության՝ այդ թվում Լաչինի միջանցքում ներկայությանը, որպեսզի երաշխավորվի տեղում իրավիճակի անաչառ մոնիտորինգը, պարբերական և հրապարակային հաշվետվությունը միջազգային հանրությանը և ծառայի որպես անվտանգության էական երաշխիք տեղացի բնակչության համար։


- Աջակցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային մեխանիզմի ստեղծմանը.


- Աջակցել մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործընթացին


- ԱՄՆ օրենսդրությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ սանկցիաների կիրառման միջոցով։


«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն


Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ


Իրազեկ քաղաքացիների միավորում


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ


«Խաղաղության երկխոսություն» ՀԿ


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը


«Ասպարեզ» ակումբը


Հանրային լրագրության ակումբ»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր