Ֆեյսբուքյան գրառումների ուսումնասիրության, հրապարակված անհայտ ծագումնաբանության ձայնագրությունների հիման վրա 11 անձ է ձերբակալվել. ՔԿ-ի լուսանկարների թիրախում Սրբազանն է          Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղը, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանից. որքա՞ն ցավոտ են նրա այդ ցանկությունները հենց ՀՀ-ի համար       Այսպիսին կլինեն թյուրքական աշխարհի հեռանկարները՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում.«Ենի Ազերբայջան»    

05 հուն 2023 20:09

Ենթադրենք, մի 10-15 տարի հետո Եվրոպական դատարանում գործը շահեցիր՝ հետո՞: Մի քանի հազար եվրո չի՞ եղածը, կտանք՝ կվերջանա․ Եվրոպական դատարանը վճիռ է ընդունել

Պետք են անկախ, անաչառ, անկողմնակալ, գրագետ, իրավունքի գերակայությամբ տոգորված դատական իշխանություն ու դատավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  իրավաբան Արտակ Զեյնալյանը։


«« … Ենթադրենք, մի 10-15 տարի հետո Եվրոպական դատարանում գործը շահեցիր՝ հետո՞: Մի քանի հազար եվրո չի՞ եղածը, կտանք՝ կվերջանա, կգնա»:


Սա մեջբերում է դատախազի՝ ջանքերս, հետևողականությունս սաստելուն ուղղված քարոզից:


Չարենցավան քաղաքի ոստիկանության բաժանմունքում 13.04.2010թ բռնության զոհ դարձած 24-ամյա Վահան Խալաֆյանի, նրա հարազատների իրավունքներն էի պաշտպանում դատարանում: Պետք է, որ մեղադրող դատախազի հետ բարիկադի նույն կողմում լինեինք, սակայն նրանց նպատակն էր՝ թույլ չտալ, որ՝ փլուզվի վարչախմբի լեգենդը և «քավության նոխազից» բարձր ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չենթարկվի:


Դեպքի դետալներին չեմ անդրադառնա՝ բազմաթիվ հրապարակումներ են եղել։


Դեպքից ավելի քան 12 տարի անց՝ 08.11.2023թ, Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում՝ չի իրականացվել արդյունավետ քննություն:


Եվրոպական դատարանում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչը ամբողջ ուժով պաշտպանեց դատարանների կողմից «դակած» լեգենդը.


«Կառավարությունը նշել է, որ իշխանության մարմիններն արժանահավատ, բավարար և համոզիչ բացատրություն են տվել Վահան Խալաֆյանի մահվանը հանգեցնող իրադարձություններին, ինչի արդյունքում մեղավորները պատժվել են։ Տրված բացատրությունն արժանահավատ էր, քանի որ այն հաստատված էր իրեղեն ապացույցներով, որոնք հիմնավորում էին այն, որ Վահան Խալաֆյանի վնասվածքները հասցվել են իր իսկ կողմից»:


Սակայն, Եվրոպական դատարանը հաստատեց մեր փաստարկներն ու թեզերը, մերժելով` Կառավարությանը:


Այսպես.
« … ինքնասպանության վարկածը իշխանության մարմինների կողմից հապճեպ կերպով և առանց որևէ հիմնավորման ընդունվել է քննության հենց առաջին օրը, … [որն] ամբողջությամբ հիմնված է եղել ոստիկանության ծառայողների՝ … ցուցմունքների վրա …, որոնք մասնակից են եղել միջադեպին և չէին կարող անաչառ վկաներ համարվել»:


« … չնայած միջադեպին նրանց անմիջական մասնակցությանը՝ [նրանք] անմիջապես չեն մեկուսացվել և չեն հարցաքննվել՝ կանխելու ցանկացած հնարավոր դավադրություն … »:


… քննչական մարմինները չեն հարցաքննել ոստիկանության ծառայողներին միջադեպից մինչև ութ օր հետո:


« … քննության միակողմանիությունն արտացոլվել է նաև դատաբժշկական փորձաքննությունների անցկացման եղանակում, ինչը կասկածի տակ է դնում համապատասխան փորձագիտական եզրակացությունների օբյեկտիվությունն ու համարժեքությունը»։
« … քննչական մարմինները և դատարանները չեն հետաքննել, թե արդյոք հնարավո՞ր է եղել բեմադրել ենթադրյալ ինքնասպանությունը, … չեն քննել, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ դանակի կոթը, որը Վահան Խալաֆյանը ենթադրաբար օգտագործել է իրեն դանակահարելու համար, և որն ավելին, մինչև միջադեպն ըստ երևույթին որպես խոհանոցային դանակ կանոնավոր կերպով օգտագործվել է, չունենա մատնահետքեր, և նաև այն, թե՝ արդյոք հնարավո՞ր էր, որ դրանք սրբվել են: … այդ ապացույցները կարող էին կեղծվել ոստիկանության ծառայողների կողմից՝ հանցանքի վայրի ամբողջականությանը նրանց միջամտության և միջադեպից հետո դանակին ձեռք տալու պատճառով »:
Դատարանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել միջադեպի վերարտադրման քննչական փորձարարության միջնորդությունը մերժելու համար:


«[Եվրոպական] Դատարանը նշում է […], որ նախքան դանակահարության դեպքը տեղի ունենալը Վահան Խալաֆյանը մոտ ութ ժամ փաստացի մնացել է ոստիկանության բաժնում։ Այդ ամբողջ ընթացքում նա եղել է շատ խոցելի վիճակում, նրա կալանավորումը հիմնված չի եղել ձերբակալման մասին որոշման վրա և փոխարենը հիմնավորվել է իր հետ «զրուցելու» անհրաժեշտությամբ, նրան ազատությունից զրկելը չի արձանագրվել, և նա զրկված է եղել կասկածյալի կողմից իրացվող ցանկացած իրավունքից»:


Դատարանն արդեն վճռել է, որ պետական գործակալների կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված գործերում չպետք է հանդուրժել համաներումը և ներումը:


Սիրելի հետևորդներ, այս գործով դիմել եմ Վճռաբեկ դատարան, որպեսզի վերանայվի 18.08.2011թ որոշումը, որով Վճռաբեկ դատարանը իրավունքի խախտում չէր նկատել: Վճռաբեկ դատարանը բողոքս 26.05.2023թ վարույթ է ընդունել:


Ուշագրավ է, որ վստահորդներիցս ոչ մեկը (Վահանի հորեղբայրը, մայրը, եղբայրն ու քույր) դատավարության օրենսգրքով իրավասու չէր դիմելու՝ Վճռաբեկ դատարանի որոշումը վերանայելու պահանջով, սակայն հիմնավորել եմ, որ՝ տվյալ դեպքում, եթե առկա է օրենսդրական բաց. պետք է հաղթահարվի ու ապահովվի վստահորդներիս իրավունքների իրացումը, այլապես միջազգային դատարան դիմելու իրավունքը կլինի տեսական և ոչ՝ իրական, ոչ՝ արդյունավետ, կիմաստազրկվի։ Ելնելով մարդու իրավունքները և ազատությունները հարգելու ու պաշտպանելու պարտականությունից, գտնում ենք, որ իրավունքները և ազատությունները չեն կարող լինել վերացական և պատրանքային, հակառակը՝ իրավունքը և դրա իրացման հնարավորությունը պետք է լինի իրագործելի, հստակ և կանխատեսելի:


Վճռաբեկ դատարանը, ըստ էության, առաջնորդվել է իրավունքի գերակայությամբ (և ոչ՝ օրենքի գերակայությամբ) ու եզրահանգել է.
« … նկատի ունենալով, որ … միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով հաստատվել է … միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որն ակնհայտորեն առնչվում է Ա․Վարդանյանի, Վ․Խալաֆյանի և Ա․Խալաֆյանի իրավաչափ շահերին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն ձևական նկատառումներից ելնելով բողոքի կապակցությամբ բացառիկ վերանայման վարույթ հարուցելը մերժելը կհանգեցնի Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտմանը և այդ իրավունքը կդարձնի ձևական ու պատրանքային»:


Վճռաբեկ դատարանի 26.05.2023թ որոշումը կարևոր առաջընթաց է՝ ոչ միայն անհատական իրավունքի ապահովվման և պաշտպանության տեսակետից, այլև, առհասարակ՝ Եվրոպական դատարանի որոշումների կատարման ոլորտում: Այս մոտեցումը տրամագծորեն տարբերվում է 12 տարի առաջվա մոտեցումներից:


Ակնկալենք, որ Եվրոպական դատարանի որոշումն ամբողջությամբ կկատարվի. նաև ակնկալենք, որ Վճռաբեկ դատարանի մոտեցումը կդառնա կայուն պրակտիկա, կտարածվի այլ գործերի վրա՝ ևʹս, կտարածվի Սահմանադրական դատարանի որոշումների վրա՝ ևʹս …
Հայտնեմ նաև մտահոգությունս.


13 տարի առաջ դատախազի կողմից ինձ ուղղված «քարոզն» այսօր՝ ևս, մի շարք պաշտոնատար անձանց աշխատաոճն է. վստահ լինելով, որ խախտում են մարդու իրավունքը, առաջնորդվում են՝ «10-15 տարի հետո՝ ով՝ ողջ-ով՝ մեռած» գործելաոճով:


Ի՞նչ և՝ ինչպե՞ս անել.


Այս գործելաոճին հնարավոր է վերջ տալ՝ անկախ, անաչառ, անկողմնակալ, գրագետ, իրավունքի գերակայությամբ տոգորված դատական իշխանությամբ ու դատավորներով: Այսօրվա և վաղվա դատավորները կլինեն՝ այդպիսին, պաշտպանված՝ կլինեն «լեգենդներ» «դակելու» առերևույթ և քողարկված պատվերներից, եթե «Վահանի սպանության գործը» 12 տարի առաջ չլուծած դատավորներն ու այլ պաշտոնատար անձինք ենթարկվեն պատասխանատվության: Անկասկած՝ նրանք գիտեին, որ Վահանի իրավահաջորդները ճիշտ էին (այդ մասին ես իրենց հայտնել էի՝ բողոքներումս), սակայն վստահ էին, որ ճշմարտությունն ու արդարությունը չհաստատելու դեպքում պատասխանատվության չեն ենթարկվելու»,-նշել է Զեյնալյանը։


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադառնալով թեմային, մեկնաբանության դաշտում գրել է․ «Արտակ ջան, ուզում եմ նշել նաև, որ սպանությունը կատարած և կոծկող համակարգի կողմից քեզ սպառնալու և վախեցնելու 3 փորձ է եղել, որ իմ և քո համատեղ կաբինետից փորձել են գողանալ անհրաժեշտ նյութերը, գրասենյակի դռան դիմաց, սատկած առնետ են դրել, հույս ունենալով, որ կվախենաս և դաժան սպանությունը, ինքնասպանության տակ էլ կսղացնեն։


Արտակ ջան, եթե քո կյանքում դու ուրիշ լավ բան արած չլինեիր, միայն Վահան Խալաֆյանի հոգու հանգստության համար, դու` հաստատ Երկնային Արքայության մեջ տեղ ունես»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր