ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»          Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ»       Հուլիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

05 հուն 2023 12:50

Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան

Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունը պայմանավորվածությունների արդյունք է, ապա այն հայկական կողմի համար դրական քայլ է համարում երկաթուղու վերականգման հարցով կառավարական աշխատանքային խմբի անդամ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ շեշտելով, որ այս հարցում մեկ խնդիր է տեսնում:


«Մեղրիում՝ Իրանի և Թուրքիայի սահմանում, ռուս սահմանապահներն են ծառայություն իրականացնում: Դրական քայլ է, որ մերոնք կարող են ծառայություն իրականացնլ: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ռուս սահմանապահների ծառայություններից: Ես մտավախություն չունեմ, թե ռուսներն իրենց աշխատանքը պատշաճ չեն իրականացնի, պարզապես Հայաստանում եղած ռուսական կոնտինգենտը հնարավոր է սակաթիվ է և չի բավականացնում այդ գործի համար: Մյուս կողմից էլ մենք պետք է սովորենք մեր անվտանգությունը մենք ապահովենք: Բայց հարց է՝ Հայաստանն ունի՞ համապատասխան ռեսուրս»,- հարց բարձրացրեց նա:


Ապաշրջափակման հարցով օրեր առաջ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային նիստում, Հայաստանի կառավարության գնահատմամբ, էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:


Ե՛վ Երևանը, և՛ Մոսկվան հանդիպումից հետո նույնաբովանդակ հաղորդագրությամբ հայտնեցին, թե ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:


Թե կոնկրետ ինչ քայլեր են դրանք և ինչ առաջընթաց նկատի ունեն, կողմերը փակագծեր չեն բացում։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ:


Երկաթուղու վերականգման հարցով կառավարական աշխատանքային խմբի անդամ, Հենրիկ Քոչինյանի խոսքով՝ ապաշրջափակման գործընթացը դեռ երկար է տևելու:


Մասնագետի կարծիքով՝ ապաշրջափակումը պետք է սկսել Երևան- Թիբիլիսի- Բաքու-Ռուսաստան երկաթուղուց, որի համար անհրաժեշտ է մեկ փաստաթուղթ ստորագրել և գործընթացն ավարտել: Նախկին պաշտոնյան ասում է՝ ինքն ապաշրջափակումը կսկսեր Հայաստանի շրջափակումից:


«Ապաշրջափակումը պետք է սկսել Հայաստանը շրջափակումից հանելով, ոչ թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելով: Հայաստանը շրջափակումից հանելու համար այսօր մենք Երևան- Թիբիլիսի երկաթուղային հաղորդակցություն ունենք, Հայաստան- Վրաստան ավտոմոբիլային հաղորդակցություն ունենք, կա նաև Վրաստան- Ադրբեջան երկու տեսակ հաղորդակցություններ, բացի այս, կա Ադրբեջան-Ռուսաստան երկու տեսակ հաղորդակցություն, այսինքն՝ նոր ճանապարհ կառուցելու, նոր սահմանակետ կառուցելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Օրինակ՝ հայկական բեռնատարը կարող է Բագրատաշենի անցակետով անցնել՝ ստանալով մաքսային ձևակերպումները, և Վրաստան-Ադրբեջան սահմանով հասնել ՌԴ և հակառակ ուղղությամբ, նույնը ևս երկաթուղին: Միայն փաստաթուղթ ստորագրելու խնդիր կա, որը ոչ մի ներդրում չի պահանջում: Ես համոզված եմ՝ բարի կամքի դրսևորման դեպքում այս հարցը կարելի է մեկ օրում կյանքի կոչել», - նկատեց մեր զրուցակիցը:


Ադրբեջանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր կողմում գտնվող հատվածներում շինարարությունը դեռ երկու տարի առաջ է սկսել։ Դեպի Հայաստան եկող երկաթուղու շինարարությունը Բաքուն նախատեսում է ավարտին հասցնել հաջորդ տարի։


Այդ ժամանակ հայկական կողմը նախնական գնահատականներ հնչեցրեց՝ Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ պետք կգան, Մեղրիի հատվածում անհրաժեշտ կլինի երեք տարի:


Աշխատանքային խմբի անդամ Հենրիկ Քոչինյանն անկեղծանում է՝ այս հարցում Հայաստանի հապաղելը դրական է: Նա հարց է հնչեցնում՝ պետք է նայել, թե երկաթուղին որ կողմին ինչքան է անհրաժեշտ:


«Դանդաղ-դանդաղ այդ երկաթուղու խնդիրն առաջ կգնա: Հավատացեք՝ Ադրբեջանն էլ այդքան մեծ շահ չունի այդ երկաթուղուց: Եթե միայն Նախիջևանի խնդրին ենք նայում, ենթադրենք, այնտեղ 200,000 մարդ է ապրում, այդքան մարդը երկաթուղով ինչպիսի՞ փոխադրումների կարքի ունի»,- նշեց Քոչինյանը և համոզմունք հայտնեց, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր