3 «դավադրություն» է կանխվել Պուտինի պաշտոնավարման ընթացքում
Կրեմլում պաշտոնավարելու տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանխել է երեք «դավադրություն» և իր հավանական մրցակիցներին հեռացրել ղեկավար պաշտոններից։ Այս մասին ասվում է «Պրոյեկտ»-ի հետաքննության մեջ, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։ Առաջինը, որին, ըստ «Պրոյեկտի», Պուտինը պաշտոնից հեռացրել է դավադրության կասկածանքների պատճառով, Միխայիլ Կասյանովն էր։
Այն բանից հետո, երբ Կասյանովը հանդես է եկել ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու, ամբողջ կաբինետի հետ միասին հեռացվել է վարչապետի պաշտոնից։ Հեռացման իրական պատճառը կարող էր լինել Պուտինի կասկածը, որ նա կարող է փորձել զբաղեցնել իր տեղը։ Լրատվամիջոցը նշում է, որ դրանից հետո Կասյանովը հեռացել է ոչ համակարգային ընդդիմություն։Պուտինը սկսել է ոչ միայն պոտենցիալ «դավադիրներին» հեռացնել պաշտոններից, այլև նշանակել բարձր, բայց ոչ հրապարակային պաշտոններում։ Հետաքննության համաձայն՝ նույնը տեղի է ունեցել Միխայիլ Ֆրադկովի հետ, որին Պուտինը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ հեռացրել է կառավարության ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։
Լրատմիջոցի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պուտինը իմացել է Ֆրադկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Սեչինի միջև իշխանության գալու հնարավորության վերաբերյալ գաղտնի քննարկման մասին։
Դրանից հետո Ուստինովը նույնպես տեղափոխվել է այլ պաշտոնի՝ նշանակվելով ՌԴ արդարադատության նախարար։ Լրատվամիջոցը որպես «դավադրության» վերջին կանխարգելում մատնանշում է Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին 2012-ին։ 2008 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը, և ինչ-որ պահի «սկսել էր ինքնուրույն որոշումներ կայացնել», ինչը դուր չի եկել Պուտինին։
Ըստ «Պրոյեկտի»՝ 2011 թվականի ամռանը Պուտինը Մեդվեդևին ասել է, որ վերադառնում է նախագահի պաշտոնին, սակայն խոստացել է 6 տարի անց կրկին փոխվել տեղերով, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։