Օսկանյանը 100 անգամ բանակցել է, ժողովրդին խաբում ասում է՝ 3 ամսում կլուծեմ խնդիրը. երբ ինքը «վագրի թռիչք» էր ներկայացնում ՀՀ տնտեսությունը, երկիրը թալանվում էր

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Օսկանյանը ասում էր՝ կա ևս երկու ճանապարհ. եզրային մասում սուր կտրում էր, ասում՝ Ագարակ ավանը դառնում է զրոյական կետ, այդ զրոյական կետը բոլորինն է՝ թե՛ Իրանինը, թե՛ Ադրբեջանինը, թե՛ Հայաստանինը և թե՛ Ռուսաստանինը, բայց նաև ոչ մեկինն է: Եվ մյուս տարբերակը այդ նույն զրոյական կետը Նախիջևան ու Ադրբեջան ամենակարճ տարածության տեղում է՝ Լիճ գյուղից մի քիչ ներքև ընկնող հատվածում: Բնականաբար, այս զրոյական տարբերակը անհեթեթ էր, և դրա դեպքում ԼՂ-ն անկախ չէր, միայն Մեղրիի շրջանը Լաչինի շրջանով փոխելու պարագայում էր, որ առաջարկվում էր ԼՂ-ն անկախ»,- մանրամասնել է Սարգսյանը՝ շարունակելով.
«Այս ամեն ինչը բացատրելուց հետո ես՝ որպես նոր մարդ, որը նոր էր եկել ցեմենտի գործարանից, հարց եմ տալիս՝ պարոն Օսկանյան, Ձեր կարծիքով՝ այդ երեք տարբերակներից ո՞րն է ավելի հայանպաստ: Պարոն Օսկանյանը շատ հանգիստ ասաց, որ ինքը կարծիք չունի ու չի կարող տեսակետ ասել, ասում էր՝ տեսակետ պետք է ասեք մենք, ինքը դա տանի բանակցի: Պրակտիկորեն պրոֆեսիոնալ մարդու դիրքորոշում, որը ինչ-որ ֆունկցիա է կատարում վճարի դիմաց: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այսօր Վարդան Օսկանյանը այն, ինչ առաջարկում է, իր տեսակե՞տն է, արդեն տեսակետ ունի՞, թե՞ էլի ուրիշի տեսակետն է ուզում ներկայացնել: Իմ կարծիքով՝ դա իր տեսակետը չէ»:
Ըստ քաղաքական գործչի՝ Վարդան Օսկանյանը շատ լավ գիտի, որ երեք ամսում նվազագույնը երկու հանդիպումից ավելի հնարավոր չէ կազմակերպել, եթե նույնիսկ արևմուտքին ու Ռուսաստանին խնդրենք:
«100-ից ավելի հանդիպում է ունեցել, թող լուծեր ժամանակին, կամ իր ասած տարբերակը՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ԼՂ-ն ինքնավար մարզի կարգավիճակ ուներ, այդ ինքնավար մարզի բնակիչների անձնագրերում գրված էր Ադրբեջան, և դրա համար էլ ԼՂ-ն ըմբոստացավ, հիմի ինքն առաջարկում է սկսել այդ տեղից»,- ասել է նա:
Արամ Սարգսյանը նկատել է՝ եկե՛ք նայենք՝ ի՞ր ասած տարբերակն է լավը, թե՞ իշխանությունների. «Թե ինչ կգրվի անձնագրում, իշխանություններն ասում են՝ թող գնան, բանակցեն, որոշեն: Օսկանյանն ասում է՝ թող անձնագրում գրվի ԼՂ ինքնավար մարզ, իսկ այդ ինքնավար մարզը ո՞ւմ կազմում էր՝ Ադրբեջանի, հետևաբար՝ Ադրբեջան: Այսինքն՝ ինքը ԼՂ-ն տեսնում է Ադրբեջանի կազմում՝ Պաղեստինի օրինակով, մեկն էլ կար Թաթարստանի օրինակով էր տեսնում»:
Արամ Սարգսյանը նաև նշել է՝ մարդ, որ 100 անգամ բանակցել է, ժողովրդին խաբում ասում է՝ երեք ամսում կլուծեմ խնդիրը:
«Ու ինքը այսօր խորհուրդներ է տալիս, փորձում սովորեցնել, թե դիվանագիտության մեջ որ բառը ինչ նշանակություն ունի: Այն ժամանակ, երբ ինքը «վագրի թռիչք» էր ներկայացնում ՀՀ տնտեսությունը, երկիրը թալանվում էր: Երբ Հայաստանը կարողանում էր 7 շրջանները և ռազմական բալանսը պահել, որ էս վիճակին չհայտնվեր, այդ ժամանակ Վարդան Օսկանյանը պետք է մտածեր ու առաջարկներ աներ:
Սարգսյանի նկատառմամբ՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո թողել են երկիրը ամեն ինչից դուրս գա, և այժմ խորհուրդներ են տալիս. «Բա էդ խնդիրը լուծեիք, 26 տարի իշխանության են եղել. մեկը մեկին գովելով ու փնովելով ասում է՝ վատ ժառանգություն եմ ստացել, բայց լավագույն լուծում եմ բերել: Բա բերել էիք, լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում, ով էր ձեր ձեռքը բռնում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ չկար, դուք եկաք, ասացիք՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»»: