«Ո՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը. Դադարեցրեք էթնոցիդը». Արցախցիների երթը հասել է ռուս խաղաղապահների նստավայր
Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով Ստեփանակերտից հասել են Իվանյան՝ ռուսական խաղաղապահի զորակազմի նստավայր: Նրանք ռուսերենով կոչեր են հնչեցրել՝ «Դադարեցրեք հումանիտար ճգնաժամը», «Դադարեցրեք անգործությունը», «Ազատություն Արցախին», «Բացեք կյանքի ճանապարհը», «Բարեկեցություն Արցախին»:
«Մենք ձեզ մոտ եկել ենք խաղաղությամբ, բայց իրականում այսօր մենք չունենք խաղաղություն: Ադրբեջանական կողմը խախտում է եռակողմ հայտարարության բոլոր կետերը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրանով ռուսական կողմը պարտավորվել է պաշտպանել Արցախի խաղաղ բնակիչներին: Ձեզ եւ ձեր առաքելությանը հավատացել ու ձեզ վրա հույս է դրել Արցախի ամբողջ ժողովուրդը: Ո՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, խաղաղ կյանքը: Մեզ ասել են՝ ամեն ինչ լավ է լինելու, համբերեք: Մենք համբերել ենք, հիմա էլ համբերում ենք, բայց համբերությանն էլ սահման կա: Մեզ ռուսական կողմը խոսացել էր, որ Արցախում ամեն ինչ լավ է լինելու, խաղաղություն է լինելու, խաղաղապահներն իրենք են մեզ օգնել վերադառնալ Արցախ:
Մենք հիմա չենք կարող ընդունել ու հասկանալ ռուսական կողմի հանդուրժողականությունն ու անտարբերությունը: Մի եղեք անտարբեր: Մենք պահանջում ենք դադարեցնել արցախցիների էթնոցիդը»,-ռուսերենով իր ելույթում ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա հավելեց, որ եթե այստեղ չլինեն արցախցիները, պետք չեն լինելու նաեւ խաղաղապահները;
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: