ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

21 հուլ 2023 16:09

Արցախի Մարտունիում հացի փռերն արդեն առանց աղ են հաց թխում․ աղ չկա, գրեթե ապրանք չի մնացել

Արցախի Մարտունի քաղաքում հացի փռերն արդեն առանց աղ են հաց թխում․ աղ չկա։ 68-ամյա տիկին Աննան Մարտունիում երեք տարի առաջ է հաստատվել, բայց հասցրել է ճանաչել տան հարևանությամբ գործող փռի տիրոջը։ Ասում է՝ եթե Ստեփանակերտում հնարավոր լիներ աղ գտնել, կբերեր, ուրեմն էնտեղ էլ չկա․․․


Մարտունիում երեք փուռ կա, բոլորը, թեկուզ առանց աղ, բայց հաց թխում են՝ դեռ․․․


Պատերազմի հետևանքով Թաղավարդում սեփական տունը կորցնելուց հետո, տիկին Աննան ամուսնու՝ Արարատ Հարությունյանի հետ Մարտունիում է վերաբնակվել։ Վարձակալած մեկ սենյականոց տնից չի դժգոհում՝ հատկապես, որ փոքրիկ հողակտոր ունի, որտեղ ամեն ինչից քիչ-քիչ ցանել է։


«Շատ ժամանակ ու եռանդ եմ դրել այս հողի վրա․ ինտերնետից փորփրել եմ, թե ինչ անեմ, ոնց մշակեմ, որ լավ բերք տա ու, փառք Աստծո, գոհ եմ թե՛ լոլիկի, թե՛ վարունգի, թե՛ կարտոֆիլի բերքից։ Այս փոքր հողակտորից ստացած բերքով և՛ մենք ենք ապրում, և՛ աղջկաս ու տղայիս ընտանիքները»,-«Փաստինֆո»-ին պատմում է տիկին Աննան։


Մարտունու խանութներում, մեղմ ասած, գրեթե ապրանք չի մնացել՝ հատկապես առաջին անհրաժեշտության․ խանւթպաններն արխիվից հանել են այն հագուստները, որոնք «մոդայից դուրս են եկել» վաղուց։ Հատկապես լուրջ խնդիր է նորածնի հագուստ գտնելը։


«Որ երեխա է ծնվում, հագուստ, խնամքի պարագաներ են նվիրում, բայց դե դա միանգամյա է լինում, էդ երեխան մեծանում է, չէ՞, պարբերաբար կարիք է լինում նորն առնելու։ Փոքր երեխա ունեցող, բազմանդամ ընտանիքների համար շատ դժվար է, մենք թոշակառու մարդիկ ենք, յոլա ենք գնում եղածով, իսկ երեխաները շատ կարիքներ ունեն, որոնք բավարարել չի ստացվում»,-ասում է զրուցակիցս։


32 տարի առաջ, երբ արցախյան ազատամարտը սկսվեց, տիկին Աննան 35 տարեկան էր․ չորս տարի, թե ինչպես են դիմացել, ինքն ու դրա միջով անցած մարդիկ շատ լավ գիտեն։ Այսօր էլ, այն ժամանակվա պես, վստահ է, որ պայքարելու, ազգովի Արցախին տեր դեպքում վերջնական հաղթանակը մերն է լինելու։


«Ես մտածում եմ, որ Արցախը կարողանալու ենք փրկել։ Մեր պահանջն ու պայքարն արդար է, ու աշխարհն էլ չի կարող թույլ տալ, որ Արցախ չլինի էլ։ Բայց նախ մենք պետք է մեկ մարդու պես կողք կողքի կանգնենք և չխուսափենք երկրին ծառայելուց, տղաներին ծառայությունից ազատելը սխալ է․․․ Հայրենական պատերազմի ժամանակ տղա թե աղջիկ ծառայում էին, ի՞նչն է խանգարում, որ հիմա էլ բոլորը հավաքվեն բանակի շուրջ։ Բանակն է մեր ուժը․ եթե այն կազմաքանդվի, շատ վատ է լինելու»,-ասում է զրուցակիցս ու եզրափակելով զրույցը՝ ավելացնում՝ լիահույս եմ, որ նման բան չի լինի, քանի որ Արցախը չի կարող չլինել․․․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր