Բողոքի ակցիա Երևանում․ այրել են անվադողեր․ ժամանել են մեծ թվով հրշեջներ, պարեկներ և ոստիկաններ
Այսօր՝ հուլիսի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանում։ Ֆուչիկի 6/1 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի մոտ նշված շենքում շնարարական աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ի նշան բողոքի՝ ակցիա են իրականացրել, այրելով նաև անվադողեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցների համբերության բաժակը լցվել է, քանի որ կառուցապատողը տեևական ժամանակ է այդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չի կատարում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր մարել են կրակը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Վարդանյանն ու պարեկ Էդգար Սաֆարյանը սահմանազատել են և տեղում կատարել ծառայություն։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Այս պահին բողոքի ակցիան դադարեցվել է, և մասնակիցները Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ուղեկցությամբ գնացել են Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ խնդրին տեղում լուծում տալու համար։
Գ․ Շամշյանի տեղեկությոններով՝ նշված շենքերը կոչվում են «Նուռ» բնակելի համալիր։
SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե որ շինարարական կազմակերպությունն է պատասխանատու։