Նոր զարգացումներ Արցախում. ինչու՞ է հրաժարական տվել ԱԺ նախագահը

Թովմասյանի հրաժարականի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են շրջանառվում, ընդհուպ տեղեկություն էր շրջանառվում, որ նա վերջին շրջանում բավականին ակտիվորեն գործակցում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ։ Ինքը՝ Թովմասյանը, երեկ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական և քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։
Համացանցում տեղեկություն էր շրջանառվում, որ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալիս առողջական լուրջ խնդիրների պատճառով, հունիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Հետազոտվել է Ստեփանակերտում, արդյունքները փոխանցել են Երևան, և բժիշկները խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
Արցախի ԱԺ նախագահը քննադատությունների թիրախում էր հայտնվել օրեր առաջ, երբ արտահերթ նիստերից մեկում հայտարարել էր, թր Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները հազարամյակներ շարունակ ապրել են իրար կողքի։ Ավելի ուշ նա պարզաբանում էր տարածել, նշել, թե նկատի ունի ոչ թե Ադրբեջանին, այլ Ադրբեջանի կազմում ապրող բազմաթիվ ժողովուրդներին, որոնք հազարամյակներ ապրել են այդ տարածքում նախքան ադրբեջանցիների գալը։
Ամեն դեպքում Թովմասյանի հրաժարականը բավականին լուրջ խաթարելու է Արայիկ Հարությունյանի՝ առանց այն էլ սասանված դիրքերը։ Մեծ հավանականությամբ նրա թիմակիցները փորձում են փախչել Հարությունյանի կողքից՝ գիտակցելով, թե ուր է տանում ապիկար նախագահի կառավարումը։ Պատահական չէ, որ հենց նրա թիմակիցներն են սկսել ակտիվորեն և կոշտ քննադատել Նիկոլ Փաշինյանին, թեև մինչ այդ զերծ էին մնում նման քայլերից։
1or.am