Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

08 օգոս 2023 15:53

Որպես նիհարեցնող կամ օրգանիզմը մաքրող դետոքս հյութերը միֆ են և մարքեթինգ, չվնասել օրգանիզմը

Վերջին շրջանում հայաստանյան սոցիալական հարթակներում տարբեր քննարկումների առիթ է դարձել դետոքս հյութերի օգտագործման ազդեցությունը՝ որպես նիհարեցնող կամ օրգանիզմը մաքորող միջոց։ Օգտատերերը և տարբեր սննդաբաններ խորհուրդ են տալիս մարդկանց չդառնալ արտադրողների մարքեթինգի զոհը և այդպիսով չվնասել օրգանիզմը։


Ի՞նչ է դետոքսը, ի՞նչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրա և ի՞նչ գործառույթ են կատարում դետոքս հյութերը, փորձել է պարզել Aysor.am-ը՝ զրուցելով սննդաբան, Սննդաբանների ասոցիացիայի անդամ Դիանա Մինասյանի հետ։


«Օրգանիզմի դետոքսը ինքնամաքրման գործընթացն է: Օրգանիզմի դետոքսիկացիան լյարդի, թոքերի, աղիների, մաշկի համատեղ աշխատանքի արդյունքն է: Ես հասկանում եմ, որ հիմա մարդիկ դետոքս ասելով այլ բան նկատի ունեն, բայց սա է օրգանիզմի իրական դետոքսը»,-ասաց սննդաբանը։


Հարցին, թե օգտակա՞ր են արդյոք վերջին շրջանում լայն տարածում գտած նիհարեցնող դետոքս հյութերը, մասնագետը պատասխանեց, որ ոչ, քանի որ դետոքս ամեն օր կատարում է մեր օրգանիզմը, իսկ այդ աշխատանքը չխաթարելու համար, մենք կարող ենք վերոնշյալ օրգաններին օգնել լավ աշխատել. «Դա, սակայն, հաստատ հյութերով չի արվում, որովհետև հյութերը մեծ քանակությամբ շաքար են պարունակում»:  


«Դետոքս հյութերի մեթոդով ընդհանրապես չի կարելի անել դետոքս: Դետոքս սննդակարգ կարող է կազմել միայն հմուտ և տեղեկացված սննդաբանը՝ հստակ նշելով «չի կարելի» մթերքների ցուցակ. ի դեպ, այդ ցուցակում հենց առաջին տեղում շաքարն է: Իրական դետոքսի համար սննդաբանը կուղղորդի բժշկի մոտ՝ պարզելու օրգանիզմի դեֆիցիտները, բժշկի օգնությամբ կնշանակի վիտամիններ, հավելումներ, բայց ոչ հյութեր», - մանրամասնեց Դիանա Մինասյանը։


Սննդաբանը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ դետոքս հյութերի օգնությամբ շաբաթական մի քանի կգ կորցնելը, ինչը շատ է գովազդվում անբարեխիղճ արտադրողների կողմից, միֆ է և իրականության հետ որևէ աղերս չունի.


«Նիհարելու համար մեզ պետք է միայն կկալի դեֆիցիտ, նիհարեցնող մթերքներ գոյություն չունեն», - ասաց նա:


Զրույցի վերջում սննդաբանը խորհուրդ տվեց որդեգրել ճիշտ և բալանսավորված սննդակարգ ունենալու մեխանիզմ, որը հնարավոր է կազմակերպել նաև տնային պայմաններում.


«Տանը ևս կարելի է պատրաստել համեղ և օգտակար սմուզիներ: Ի դեպ անվճար սմուզիների բաղադրատոմսերի ֆայլ կարող եք ներբեռնել իմ ինստագրամյան էջից: Անհրաժեշտ է նշել նաև, որ սմուզիների բաղադրատոմսերը մի քանի միրգ իրար խառնել չէ միայն, հատուկ սխեմա է պետք մշակել, որի շնորհիվ չի լինի ինսուլինի կտրուկ բարձրացում, ինչը լինում է քամած հյութերի դեպքում»,- ասաց Դիանա Մինասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր