Արցախահայության հարցերն իրենց ներքին գործն է և ՀՀ-ն չպետք է խառնվի դրանց.մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կկնքենք
Ադրբեջանը դեռևս հույս ունի մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք դեռ հույս ունենք, որ խաղաղ պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը»,-ասել է նա՝ պնդելով, թե արցախահայության հարցերն իրենց ներքին գործն է և Հայաստանը չպետք է խառնվի դրանց։
Հաջիևը նաև անջատողականության ֆինանսավորում է որակել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար Հյաստանից միջպետական վարկերի հատկացումը:
Հիշեցնենք, որ 2020թ.-ին սանձազերծած 44-օրյա ագրեսիայի հետևանքով օկուպացվեցին Արցախի Հանրապետության նոր տարածքներ, 40 հազարից ավել արցախցիներ բռնագաղթեցին իրենց հազարամյա բնօրրանից, արդյունքում՝ արցախյան հիմնահարցը, որն ազգերի ինքնորոշման հարթությունում է, ոչ թե լուծվեց, այլ ավելի խորացվեց: Ադրբեջանն արդեն 10 ամիս է լիակատար բլոկադայի մեջ է պահում Արցախը՝ տեղի բնակչությանը կանգնեցնելով աղետի առաջ: