Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը, չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց ուժի կիրառմանը

Նա նաեւ ասել է. «Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ` մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա:
Ադրբեջանն ատելության եւ այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով եւ ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ եւ թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում:
Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:
Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում»:
Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել. իր իսկ խոսքով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար:
Նա նաեւ հավելել է. «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը:
Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների:
Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը:
Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար»: